Ավելի անվախ եմ, ուժեղ, մեկը ինձ չի կարող խաբել, խփել․․․․Խարբերդում եմ ապրում, բայց կցանկանայի տեղափոխվել․ Մարալ Նաջարյանը օգնության կարիք ունի

Ադրբեջանից՝ Բեյրութ, Բեյրութից՝ Հայաստան. 4 ամիս ադրբեջանական գերության մեջ գտնված Մարալ Նաջարյանի ճանապարհն է: Այս տարվա մարտին ադրբեջանական կողմը նրան ազատ էր արձակել և ուղարկել Բեյրութ, որտեղ 6 ամիս մնալուց հետո օրեր առաջ՝ սեպտեմբերի 9-ին, Մարալը վերադարձել է Հայաստան։

Ինքնաթիռը վայրեջք կատարեց, դուրս եկավ օդանավակայանից, ու հոգին խաղաղվեց. մեզ հետ զրույցում պատմում է նա: Հայրենիքս է, ասում է Մարալը: Հիմա նպատակ ունի այստեղ աշխատել իր մասնագիտություններով՝ մատնահարդար է, վարսահարդար: Առաջարկներ արդեն ստացել է։ Պետք է գնա, տեսնի՝ որ աշխատանքն է իրեն հարմար:

«Շատ ուրախ եմ: Այս անգամ ավելի սիրահոժար եկած եմ Հայաստան: Հանգստություն եմ զգում, թեթևություն: Խարբերդում եմ ապրում՝ քույրիկիս վարձով տանը, բայց կցանկանայի տեղափոխվել: Շատ լավ կլիներ՝ եթե Երևանում կարողանայի տուն գտնել․ էստեղ մի քիչ դժվարություններ կան, ճանապարհներն են դժվար, տրանսպորտի խնդիր կա»,- ասում է նա:

Դժվարությունների և խնդիրների Մարալը Լիբանանում էլ է հանդիպել։ Պատմում է՝ այնտեղ մարդիկ հոսանքի, ջրի և այլ խնդիրներ ունեն։ «Լիբանանի ժողովուրդը, ովքեր որ ի վիճակի չեն դուրս գալ երկրից, ստիպված են մնալու և այդ դժվարությունները կրելուն: Անհանգստություններ, նեղություններ ավելի այնտեղ ունեցանք»,- ասում է նա: Այս պատճառով է, որ Մարալը որոշել է Հայաստան գալ՝ մշտական բնակության: Որոշ ժամանակ կանցնի՝ իր զավակներն էլ իրեն կմիանան:

Նորից Հայաստան վերադառնալ լիբանահայ Մարալը դեռ վաղուց է ցանկացել, սակայն ադրբեջանական գերության մեջ մնալու մղձավանջները հաղթահարելու համար Լիբանանում վեց ամիս թերապիաներ է ընդունել, իր հետ հոգեբույժ ու հոգեբան են աշխատել, սպասում էր՝ բուժումն ավարտի: Ասում է՝ այդ օրերի զգացածի ու ապրածի հետևանքները արդեն հաղթահարել է: «Կյանքս ամբողջությամբ փոխվել է: Ավելի անվախ եմ, ուժեղ, մեկը ինձ չի կարող խաբել, խփել: Մինչ գերեվարվելը Մարալն ուրիշ էր, հիմա ուրիշ Մարալ է: Հիմա առանձնություն չեմ սիրել»:

Լիբանահայ Մարալ Նաջարյանը նախորդ տարվա օգոստոսին էր առաջին անգամ եկել Հայաստան: Պատերազմից օրեր առաջ էր վերաբնակեցման ծրագրով հաստատվել Բերձորում: Գերեվարվել էր եռակողմ հայտարարությունից հետո՝ նոյեմբերի 11-ին: Լիբանահայ Վիգեն Էուլջեքյանի հետ միասին գնացել էին անձնական իրերը վերցնելու, բայց ճանապարհին ադրբեջանի զինծառայողներն են կանգնեցրել ու գերեվարել: 2020 թվականի տարեվերջին Բաքուն հաստատեց միայն Նաջարյանի գերի լինելու փաստը:

Գերության երրորդ ամսում նրան Կարմիր խաչից այցելության են գնացել, վստահեցրել՝ անպայման դուրս է գալու, սակայն Մարալի հետ գերեվարված նրա նշանածին՝ Վիգեն Էուլջեքյանին, ադրբեջանական կողմը դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ Վիգենին ներկայացնելով որպես 2500 դոլարի դիմաց պատերազմին մասնակցած վարձկանի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ