Ամերիկացի կոնգրեսականներն առաջարկում են զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

ԱՄՆ կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ֆրենկ Փալոնը և Ջեքի Սփեյերն Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին օրենքում փոփոխություններ են ներկայացրել, որոնցով առաջարկում են զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։ Սեպտեմբերի 20-ին Ներկայացուցիչների պալատի օրինագծերի հանձնաժողովի անդամները հանդիպելու են որոշելու, թե որ փոփոխություններն են դիտարկվելու առաջիկա քննարկման համար: Այն տեղի կունենա մինչև սեպտեմբերի 26-ը:

*****

Իրանի և Ռուսաստանի նախագահները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կհանդիպեն: Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին և կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ քայլերի իրականացմանը: Նախագահներն անդրադարձել են կորոնավիրուսի դեմ պայքարում Մոսկվա-Թեհրան համագործակցությանը և «Սպուտնիկ-V» պատվաստանյութի համատեղ արտադրությանը: Քննարկվել է նաև սեպտեմբերի 17-ին Դուշանբեում սպասվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին ներկա է լինելու նաև Իրանի նախագահը՝ որպես դիտորդ:

*****

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշենբեում կայանալիք ՀԱՊԿ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովներին կմասնակցի տեսակապով. պատճառն ինքնամեկուսացումն է: Ռուսաստանի ղեկավարը պատմել Է, որ իր շրջապատում կորոնավիրուսով հիվանդանալու դեպքերի հայտնաբերման կապակցությամբ պետք Է ինքնամեկուսացման ռեժիմ պահպանի: Պուտինն ամիսներ առաջ պատվաստավել էր «Սպուտնիկ-V»-ով: Նա հույս է հայտնել, որ իր օրինակով ռուսական պատվաստանյութը ևս մեկ անգամ ցույց կտա արդյունավետությունը:

*****

Աֆղանստանյան վերջին զարգացումները ցույց են տվել Եվրամիության խոցելիությունը: Այդ մասին հայտարարել Է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն փորձում Է ընդլայնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ, ինչպես նաև ձգտում է իր ներկայությունը հաստատել Քաբուլում: Բորելը նշել է նաև, որ Եվրամիությունը մտադիր Է պաշտպանել այն բոլոր աֆղանստանցիներին, որոնք համագործակցում են իրենց հետ: Նրա խոսքով՝ Աֆղանստանի նոր կառավարության հետ հարաբերությունների կառուցման հարցում ԵՄ անդամ երկրներն ուշադրություն են դարձնելու մի շարք չափանիշների, որոնցից են մարդու հիմնարար իրավունքները հարգելու պարտականությունը, տարհանում անցկացնելու հնարավորությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ