Այսօր էլ Փաշինյանն ու Ալիևը կարող են արդյունավետ քննարկում ունենալ փոխզիջումների մասին

«Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականում» Հրայր Թամրազյանի հարցերին պատասխանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն, ում ակտիվ միջնորդությամբ ավելի քան քսան տարի առաջ՝ 2001 թվականի ապրիլին Քի Ուեսթում` Ֆլորիդայում կայացած բանակացությունների ժամանակ ղարաբաղյան հակամարտության կողմերը, ըստ բազմաթիվ վկայությունների, բավականին մոտ էին խաղաղ հանգուցալուծման։

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված․

«Ազատություն»․ – «Ալ-Ջազիրա»-ի հետ հարցազրույցում Դուք մի շատ հետաքրքիր բան եք ասել, ասել եք՝ մասնավոր շփումներում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարները պատրաստ էին զարմանալիորեն լուրջ, համարձակ գործարքների, բայց հրապարակավ նրանք այլ կարծիք էին հայտնում։ Կարո՞ղ եք մեզ փոքր-ինչ ավելի մանրամասն պատմել այդ մասին։

Քերի Քավանո․ — Կանեմ դա ես պատեհ ժամանակին, բայց ինչպես արդեն ասացի՝ այժմ դա լավագույն խոսակցությունը չէ։ Լավագույն խոսակցությունը հիմա այն է, որ կողմերը կարողանան ճանապարհ գտնել առաջ շարժվելու։

Կցանկանայի մտածել, որ այսօր էլ Փաշինյանն ու Ալիևը կարող են առավել արդյունավետ քննարկում ունենալ հնարավոր փոխզիջումների մասին։ Չեմ կարծում, որ դա տեղի է ունենում, բայց կողմերին դեպի նման խոսակցություն վերադարձնելու ներուժը դեռ գոյություն ունի։ Եվ դա շատ հնարավոր է՝ հաշվի առնելով այն, ինչ ուրվագծված է հրադադարի պայմանավորվածության մեջ, որ նրանք այլ բաների շուրջ էլ պատրաստ են պայմանավորվել։ Թույլ տվեք ասել դա Քի Ուեսթի և դրանից հետո տեղի ունեցած կարգավորման շուրջ բանակցությունների համատեքստում։

Նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանավորվածության մեջ եղած բոլոր տարրերը քննարկվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից, եղել են երկխոսության մի մաս, բացառություն է ռուս խաղաղապահների տեղակայումը։ Մինսկի խմբի քննարկումներում կար, որ լավագույն լուծումը կլիներ, եթե խաղաղապահները կամ դիտորդները ներկայացնեին ոչ հարևան երկրները, ոչ էլ համանախագահ երկրները։ Կարծում եմ, որ Ռուսաստանը սրա հետ լրիվ համամիտ էր, դա այս հարցում քաղաքականապես ավելի բարենպաստ մոտեցում էր։ Ինչո՞ւ Ռուսաստանը մտցրեց իր խաղաղապահներին։ Կարծում եմ, որ դա պայմանավորված էր իրավիճակի վտանգավորությամբ, այն արագությամբ, որով ընկնում էին հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները, և Շուշիի շուրջ արագ զարգացումներով։

Այնպես որ, ես հասկանում եմ ինչ է արել Ռուսաստանը, բայց դրանից զատ ամեն ինչ, որ եղել է, մինչ այդ էլ էր քննարկվել։ Ես ինձ վատ կզգայի, որ այլ տարրեր, որոնք ներառված էին այդ քննարկումներում դեռ Քի Ուեսթում, իսկ որոշ տարրեր՝ մինչ այդ, հրադադարի հաստատման շուրջ բանակցությունների հիմքում չդրվեին։ Եվ նրանք աշխատեցին, քանի որ նրանք խաղաղության պայմանագրի համար էին։ Մենք արդեն լուծումներ էինք մշակել, օրինակ՝ փոխհատուցման պահանջների վերաբերյալ․ դա Քի Ուեսթում տեղի ունեցած քննարկումների ժամանակ էր, մնացել է սեղանին Քի Ուեսթից հետո, սա այսօր էլ մնում է հարց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ