«Ֆրանսիան պատրաստ է աջակցության տարբերակներ փնտրել…». Ժոնաթան Լաքոտ

Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտած Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը բացառիկ հարցազրույց է տվել «Լուրերին»՝ անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:

Հարցին, թե ինչպես է հնարավոր ռազմական աջակցության հարց քննարկել, երբ Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական նույն դաշինքում չեն, դիվանագետը պատասխանել է, որ եթե Հայաստանը դիմի, Ֆրանսիան պատրաստ է աջակցության տարբերակներ փնտրել, քանի որ իրենց նպատակն է բացառել նոր պատերազմը:

Այժմ Ժոնաթան Լաքոտի հետ Լիլիթ Հարությունյանի հարցազրույցից մի հատված: Ամբողջական տարբերակը կարող եք դիտել Առաջինի լրատվական ալիքի եթերում և «Լուրերի» սոցհարթակներում:

Ժոնաթան Լաքոտ (Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտած Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան) — Ես լիովին գիտակցում եմ, որ Ֆրանսիայից սպասելիքները շատ մեծ են անվտանգության ոլորտում, և այս թեմայով իմ ցանկացած արձագանք մեծացնում է այդ սպասելիքները: Կարծում եմ՝ պետք է լինել շատ հստակ․ առաջին հերթին Ֆրանսիան պատրաստ է դիտարկել այն դիմումները, որոնք կձևակերպվեն Հայաստանի կողմից: Այսինքն՝ եթե Հայաստանի կողմից նախաձեռնություն լինի, մենք պատրաստ ենք դիտարկել, թե ինչպես կարող ենք այդ դիմումին ընթացք տալ: Բնականաբար, պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք:

Իսկապես Հայաստանը, կոնկրետ ռազմական դաշինքի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: Պետք է նաև հաշվի առնել այն փաստը, որ մեր առաջնահերթությունը բանակցություններն են: Մեր նպատակն է ոչ թե օգնել Հայաստանին, կամ որևէ մեկին՝ հաջորդ պատերազմին պատրաստվել, մեր նպատակն է խուսափել հաջորդ պատերազմից․ լինի դա Ղարաբաղում, սահմաններին կամ այլ տեղ։ Մեր առաջնահերթությունը միշտ կլինեն բանակցությունները, Երևանի և Բաքվի միջև երկխոսության վերսկսումը, լարվածության նվազումը և վստահության ամրապնդման միջոցառումների հաստատումը, որպեսզի տարածաշրջանում վերջնական խաղաղություն ապահովվի։ Այս ամենը թույլ կտա, հատկապես Լեռնային Ղարաբաղի հայերին անվտանգ ապրել իրենց քաղաքներում և գյուղերում:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նրա անվանումը ևս հուշում է, պայմանագիր չէ, ունի մեծ արժանիք, քանի որ թույլ է տվել Լեռնային Ղարաբաղում տևական հրադադարի հաստատում: Այն, ինչ մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ և համամիտ ենք, այն է, որ, իհարկե, դեռ շատ խնդիրներ կան: Ինչպես նշեցի, Լեռային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, և մենք բախվում ենք հատկապես լուրջ մարդասիրական խնդիրների, մասնավորապես՝ Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների հարցը, մայիսից սկսված Հայաստան-Ադրբեջան սահմանային խնդիրները։

Կարծում ենք՝ որ այս կետից արդեն իսկ շատ կարևոր է, որ համանախագահ երեք երկրները նորից ներգրավվեն բանակցությունները վերսկսելու նպատակով: Ակնհայտ է, որ այս երեք պետությունները նախևառաջ միջնորդի դերում են: Բանակցությունները վերսկսելու համար պետք է լինի քաղաքական կամք Երևանում և Բաքվում: Հայաստանի իշխանությունների հետ իմ շփումներից կարող եմ արձանագրել, որ այստեղ այդ կամքը կա։ Եվ դա չափազանց կարևոր է, քանի որ այդ ամենը Հայաստանի շահերից է բխում: Կարծում եմ, որ գալիք շաբաթների և ամիսների ընթացքում համանախագահները կվերականգնեն կենտրոնական դերը: Այս խումբը բանակցություններ վարելու համար բոլորի կողմից ճանաչված միակ հարթակն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ