Վրաստանի վարչապետը նոր թունելի կառուցումը որակել է որպես դարի նախագիծ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դարի նախագիծ է որակել ինըկիլոմետրանոց թունելի և Կվեշեթի-Կոբի նոր ճանապարհի կառուցումը, որը Ժինվալի-Նատախտարի հատվածի բացումից հետո թույլ կտա Թբիլիսիից Կազբեգի հասնել ընդամենը մեկուկես ժամում:

«Սա իսկապես դարի նախագիծ է, որովհետև տարվա մեջ հարյուր օր այդ ճանապարհը փակ է: Համապատասխանաբար, այդ նախագիծը կարևոր է ինչպես մեր երկրի ու բնակչության, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար»,- հայտարարել է Ղարիբաշվիլին՝ հանդես գալով Կվեշեթի-Կոբի ինըկիլոմետրանոց թունելի կառուցման մեկնարկի արարողությանը:

Վարչապետի խոսքերով՝ այս ճանապարհով օրական կտեղաշարժվի 3,4 հազարական մեքենա: Դրանցից 70 տոկոսը՝ մարդատար ավտոմեքենաներ, իսկ մնացածները՝ բեռնատար:

«Սա ամենամեծ թունելն է Անդրկովկասում, դրա երկարությունը կազմում է ինը կիլոմետր և իր պարամետրերով եզակի է ամբողջ աշխարհում»,- նշել է Ղարիբաշվիլին: Նախագծի արժեքը կազմում է 1,2 միլիարդ լարի: Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել դոնոր կազմակերպություններին, Զարգացման ասիական բանկին և շինարարական ընկերությանը՝ թունելի շինարարությանն աջակցելու համար:

Սեպտեմբերի 10-ին Կվեշեթի-Կոբի ճանապարհի 23-կիլոմետրանոց հատվածի և ինըկիլոմետրանոց թունելի շինարարության շրջանակներում սկսվել է տարածաշրջանի համար բացառիկ նախագիծը:

Թունելի կառուցման համար հատուկ պատրաստվել է թունելահորատանցիչ մեքենա, որը տարբերվում է նրանով, որ դրա վիբրացիան նվազագույն մակարդակի է, իսկ դա ապահովում է անվտանգ շինարարական գործընթաց և նվազագույն ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Սարքը նաև տարբերվում է նրանով, որ հորատման գործընթացում իրականացնում է նաև պատերի երեսպատում, հաղորդել է Sputnik-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ