Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձինք կարող են խնամքի ծառայություններ ստանալ նաև տանը

Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձինք կարող են ոչ միայն ուղեգրվել շուրջօրյա խնամքի հատուկ մասնագիտացված կենտրոններ, այլև խնամքի ծառայություններ ստանալ տնային պայմաններում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Ծրագրի շրջանակում ծառայությունները մատուցվում են դրամաշնորհային մրցույթում հաղթող հասարակական կազմակերպությունների կողմից։ Տնային պայմաններում իրականացվող խնամքն իր մեջ ներառում է հոգեբուժական, բժշկական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական օգնություն։

Ծառայությունն այս պահին մատուցվում է Երևան քաղաքում։ Տնային պայմաններում խնամքի ծառայություններ կարող են ստանալ հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձինք, ովքեր համաձայն գնահատված սոցիալական անհատական կարիքի՝ ունեն տնային խնամքի նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան հոգեբուժական հաստատության եզրակացություն։

Խնամքի ծառայություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, բժշկական քարտ, հոգեբույժի եզրակացություն։ Անհատական սոցիալական կարիքների գնահատումից և խնամքի տրամադրման դրական եզրակացությունն ստանալուց հետո քաղաքացուն կտրամադրվի համապատասխան ծառայություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ