Հայաստանի և Վրաստանի վարչապետներն արդյունավետ են գնահատել երկկողմ բանակցությունները

Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, հարգանքի տուրք մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում և մասնակցել Վրաստանի վարչապետի անունից ի պատիվ Հայաստանի վարչապետի տրված պաշտոնական ճաշին։

«Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ քննարկելով հայ-վրացական հարաբերությունների օրակարգը։ Քննարկման առանցքային հարցերից է եղել տարածաշրջանում կայունության, խաղաղության և զարգացման դարաշրջան բացելու հեռանկարը։ Զրուցակիցները պայմանավորվել են համատեղ ջանքերով և ծրագրերով ընդլայնել հայ-վրացական գործակցությունը և խթանել տարածաշրջանային երկխոսությունը։ Այս համատեքստում Հայաստանի վարչապետն արդյունավետ հանդիպում է ունեցել նաև Վրաստանի նախագահի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է Բաթում քաղաքում՝ Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ, որի ընթացքում ՀՀ վարչապետին են ներկայացրել զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը, ենթակառուցվածքների բարելավմանը միտված միջոցառումները։ Հայ և վրաց գործընկերները գոհունակություն են հայտնել բանակցությունների ընթացքից և պայմանավորվել շարունակել ակտիվ շփումները թե՜ պաշտոնական, թե՜ ոչ պաշտոնական ձևաչափերով։

Սեպտեմբերի 9-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Երևան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ