«COVID-19-ի կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումներն ունեն իրավական հիմք…».Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրավական հիմքերին, պնդելով, որ դրանք առկա են:

«Հայաստանում իրականացվող կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումներն իրավական հիմք ունեն.

Հաշվի առնելով բնակչության շրջանում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումների հետ կապված հակասական մտքերը` հարկ եմ համարում նշել.

ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է յուրաքանչյուր աշխատողի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, ինչպես նաև քաղաքացու առողջության պահպանման իրավունքը:

Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային միջոցառումները պետք է դիտարկել նաև այլ անձանց նույն իրավունքի ապահովման տեսանկյունից, և դրանք ոչ մի դեպքում չեն հանգեցնում անձի իրավունքների բացարձակ սահմանափակմանը:

Այլ անձանց առողջության պահպանման իրավունքի իրացմանն է ուղղված 14-օրյա պարբերականությամբ ՊՇՌ հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, որը բխում է անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներն ու դրանց կիրառման կարգը սահմանող «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքից:

Լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման պահանջը սահմանված է Կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» թիվ 1514-Ն որոշմամբ:

COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող պարտադիր սանիտարական նորմերը սահմանված են առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» 17-Ն որոշմամբ:

Հակացուցումները սահմանված են նույն հրամանում փոփոխություններ կատարելու մասին նախագծով»,- նշված է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ