«44-օրյա պատերազմի հետևանքով 2-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած Սամվել Ասատրյանը վերականգնվել է իր աշխատանքին…». Աշոտ Սարգսյան

44-օրյա պատերազմի հետևանքով 2-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած Սամվել Ասատրյանին հորդորել են ազատվել աշխատանքից՝ բուժումների գնալու պատճառով։ Civic.am-ն օրեր առաջ այս վերտառությամբ հոդված էր հրապարակել՝ նշելով, որ Սամվել Ասատրյանն աշխատել է առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր գանձապահ, և իրեն հորդորողը եղել է փոխտնօրենը։ Մեր հոդվածից հետո խնդիրը սոցիալական ցանցերում շարունակվել էր արծարծվել և լայն քննարկման ու քննադատությունների արժանացել։

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Սամվել Ասատրյանը վերականգնվել է իր հաստիքին: «Այսօր Սամվել Ասատրյանը հանդիպել է տնօրենին՝ Վարդան Ավագյանին, և դիմում է գրել աշխատանքի ընդունվելու մասին։ Իրեն չէին դրդել, որ ինքը աշխատանքից ազատման դիմում գրի՝ թյուրըմբռնում է եղել»,- ասաց փոխտնօրենն ու շեշտեց, որ եթե Սամվել Ասատրյանը դիմեր իրեն և ներկայացներ խնդիրը, ապա հարցը չէր հասնի աշխատանքից ազատման դիմում ներկայացնելուն, քանի որ Աշոտ Սարգսյանի խոսքով՝ փոխտնօրեն Մհեր Մկրտչյանը չէր կարող Սամվել Ասատրյանի հետ նման հարթակում զրույց վարել՝ կամ բուժումների գնա, կամ հաճախիր աշխատանքի. «Որևէ մեկն իր հետ խնդիր չուներ, որ նա ժամը 15։00-ից հետո գնում էր իր ոտքի բուժումներին։ Աշխատանքից ազատման դիմումն էլ իր նախաձեռնությամբ է գրել»։

Հիշեցնենք, որ Սամվել Ասատրյանը կամավոր էր գնացել մասնակցելու պատերազմին և ոտքից վիրավորվելու հետևանքով գերեվարվել էր։

Նա մեզ հետ զրույցում նշել էր, որ ինքը իր նախաձեռնությամբ է ազատվել աշխատանքից՝ վիրավորական համարելով իր փոխտնօրենի մոտեցումն իր նկատմամբ: «Մոտ վեց ամիս աշխատել եմ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», սակայն ոտքիս բուժման համար որոշ ժամանակ ստիպված էի լինում մի քիչ շուտ դուրս գալ աշխատանքից։ Մի օր փոխտնօրենը՝ Մհերը, ասաց՝ կամ բուժումներդ շարունակիր, կամ աշխատանքի արի։ Այդ խոսքից հետո դիմումս գրեցի՝ դուրս եկա։ Մտածեցի, որ բուժումներս ավելի կարևոր են»,- ասել էր նա։

Նշենք, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ իրավախորհրդատու Հասմիկ Մանուկյանը մեզ հետ զրույցում, մեկնաբանելով կատարվածը, ընդգծել էր, որ Սամվել Ասատրյանն իր աշխատանքից ազատման դիմումը ներկայացրել է օգոստոսի 4-ին, և հենց նույն օրն էլ գործատուն լուծել է նրա հետ կնքած աշխատանքային պայմանագիրը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ