Աղվան Հովսեփյանը կալանավորվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց քննիչի որոշումը: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է:

Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ի առավոտյան՝ 1,5 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Ըստ Հատուկ Քննչական ծառայության՝ 68-ամյա Հովսեփյանը, որը 2004-ից մինչեւ 2018 թվականների ընթացքում զբաղեցրել է նախ գլխավոր դատախազի, ապա Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք եւ խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք։ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):

Հիշեցնենք, որ ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ Աղվան Հովսեփյան դեմ ցուցմունք է տվել իր մտերիմ ընկերներից գործարար Շանթի Յուրա անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանը եւ պատմել է ինչ-որ հողակտորի մասին, իսկ, ահա, մյուս ցուցմունք տվողը նրա դեմ եղել է իր մյուս մտերիմ ընկերը՝ Արշավիր Սարգսյանը, որը ՀԷԿ-ի շինարարությամբ է զբաղվել:

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր նոր մանրամասներ էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձություններից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ