Մանվել Գրիգորյանը հորս ձեռքից խլել է Էջմիածնում կառուցվող բենզալցակայանը, հիմա այն պատկանում է Նազիկ Ամիրյանին

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանում ընթացավ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։

Այս նիստին դատարան էին հրավիրվել երկու վկա՝ Ալբերտ Պետրոսյանը և Սոնա Թորոսյանը։

Սոնա Թորոսյանը Նազիկ Ամիրյանի գործով տուժող Պետրոս Թորոսյանի դուստրն է։ Նրա խոսքով՝ գեներալ Մանվել Գրիգորյանը սպառնալիքներով իր հորից խլել է վերջինիս պատկանող բենզալցակայանը, որ դեռևս կառուցման փուլում էր և գտնվում էր Էջմիածնում։

Անդրադառնալով գործի հանգամանքներին՝ տուժողի դուստրը ներկայացրեց նախապատմությունը. «Հայրս Էջմիածին քաղաքում երկար ժամանակ զբաղվում էր բենզինի վաճառքով և քաղաքի տարբեր մասերում ուներ բենզինի փոքր տաղավարներ, որտեղից բենզին էր վաճառվում։ Որոշ ժամանակ անց արգելվեց նման տաղավարներից բենզինի վաճառքը, և հայրս որոշեց բենզալցակայան կառուցել։ Էջմիածնում 2003թ. աճուրդի կարգով իր ձեռք բերած հողատարածքում սկսեց շինարարությունը։ Բենզալցակայանի կառուցման ժամանակահատվածում մեր տուն գալիս էին անձինք, որոնք ներկայանում էին որպես Մանվել Գրիգորյանի օգնականներ և Մանվել Գրիգորյանի անունից հորս ասում էին, որ բենզալցակայանը վաճառի»։

Վկայի մեկնաբանմամբ՝ Մանվել Գրիգորյանի օգնականների կողմից իր հորը ստիպելով բենզալցակայանը Մանվել Գրիգորյանին վաճառելու խնդիրը իրեն պատմել են հայրն ու մայրը, երբ իրենց դուստրն արդեն հասուն էր. «Հայրս մերժում էր, իրենք էլ շարունակաբար գալիս պնդում էին, որ կալոնկան վաճառի։ Ասում էին՝ կրակի հետ ես խաղում, հայրս էլ բենզակալոնկան հանձնեց Մանվել Գրիգորյանին։

Եկողներից մեկը Արա Մարությանն էր, մյուսին էլ Էջմիածնում բոլորը «ճուտ» մականվամբ են դիմում՝ Գևորգ Այվազյանն էր։ Մեր տուն եկողը Գևորգ Այվազյանն էր, իսկ Արան ավտոմեքենայի մեջ էր մնում։ Բենզալցակայանի շինարարության մեծ մասը կատարված էր։ Հայրս երբ ուզում էր հանդիպել Մանվել Գրիգորյանի հետ՝ նրան մերժում էին, և հայրիկիս համար հասկանալի էր, որ ոչ թե վաճառք է լինելու, այլ իրենից խլելու են բենզալցակայանը։ Երբ մայրս մեզ դպրոց էր տանում, միշտ մի ավտոմեքենա կամ մեր հետևից, կամ դիմացից գալիս էր, ու մորս ցուցադրում էին, որ իրենք էդտեղ էին»։

Սոնա Թորոսյանը դատարանին նաև պատմեց, որ երբ 2018թ. հեղափոխությունից հետո ձերբակալեցին Մանվել Գրիգորյանին՝ իր հայրն ամեն ինչ պատմեց իրենց. «Մենք հասկացանք, որ սպառնալիքները շատ են եղել՝ ասել են. «Մանվել Գրիգորյանն է ցանկանում, պետք է տաս, չե՞ս մտածում քո մասին, երեխաներ, ընտանիք»։

Վկայի խոսքով՝ ի վերջո Մանվել Գրիգորյանին հաջողվել է իր հորից խլել բենզալցակայանը, որի դիմաց իր հայրը չի վճարվել, սակայն այն շինանյութը, որը նախատեսված էր բենզալցակայանի կառուցման համար՝ այդ շինանյութի դիմաց վճարել են 8000 ԱՄՆ դոլար. «Իմ իմանալով՝ այդ շինանյութը վաճառեց հայրս իրենց, գումարը կազմում էր 11-12000 դոլար, սակայն սկզբում հորս վճարել են 3000 դոլար, հետո մեր սանիկի միջոցով փոխանցել են 5000 դոլար։ Իմ իմանալով՝ հիմա այդ կալոնկան պատկանում է Նազիկ Ամիրյանին»։

Նազիկ Ամիրյանի փաստաբանը հարց ուղղեց վկային. «Կարո՞ղ է տեղյակ լինեք, որ այդ բենզալցակայանը վաճառվել է 30.000 ԱՄՆ դոլարով, 15.000 ԱՄՆ դոլարը ձեր հոր բաժինն է եղել, իսկ մյուս 15.000 ԱՄՆ դոլարը Ձեր հոր հետ համատեղ այդ բենզալցակայանի բիզնեսով զբաղվող անձինը՝ Արամինը, որը գրանցված փայատեր չի եղել»։

Ի պատասխան այս հարցի՝ վկա Սոնա Թորոսյանն ընդգծեց, որ հայրը միայնակ է այդ բիզնեսով զբաղվել, և ասաց, որ բենզալցակայանը հոր անունով էր և չգրանցված փայատեր չի եղել։

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության՝ Նազիկ Ամիրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու, իրեն պատկանող ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ