Վարչապետը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը կարևորել է ԵԱԶԲ-ՀՀ գործընկերության զարգացումը՝ նշելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ կառավարությունը հավակնոտ ծրագրեր է նախանշել և դրանց իրականացման գործում կարևորում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԱԶԲ հետ գործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում, ինչպես նաև փոխշահավետ այլ ուղղություններով համագործակցությունը:

Վարչապետը նաև բարձր է գնահատել կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման գործում Հայաստանին ԵԱԶԲ կողմից ցուցաբերված աջակցությունը և ընդգծել Բանկի դերը ԵԱՏՄ ինտեգրացիոն զարգացման գործում:

Նիկոլայ Պոդգուզովն իր հերթին նշել է, որ ԵԱԶԲ-ն կարևորում է ՀՀ հետ գործընկերությունը և մտադիր է էլ ավելի ընդլայնել գործունեությունը մեր երկրում: ԵԱԶԲ վարչության նախագահը հետաքրքրական է համարել ենթակառուցվածքների բարելավման, թվայնացման, ֆինանսական ոլորտներում համատեղ ծրագրերը, նաև ԵԱՏՄ շրջանակում խոշոր ինտեգրացիոն նախագծերը:

Նա շնորհակալություն է հայտնել նաև «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագրին Հայաստանի միանալու համար, որը հայ-ռուսական պլատֆորմային գործակցության հաջող օրինակ է, (այժմ ծրագրին միացել է 10 երկիր) և ընդգծել, որ ՀՀ թվային պլատֆորմը կարող է հիմք ծառայել ԵԱՏՄ-ում թվային տեխնոլոգիաների զարգացման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք նշված ոլորտներում գործակցության զարգացման կոնկրետ անելիքների շուրջ, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել ակտիվ երկխոսությունն այդ ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ