Կանցկացվի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 14,897.5 հազար դրամ` «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար անցկացնելու նպատակով։

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզում (Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատված՝ 40 կմ) 2021 թվականի սեպտեմբերի 19-ին նախատեսվում է կազմակերպել և անցկացնել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար, որի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը, ինչպես նաև «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզումը։ Մրցաշարը նախատեսվում է անցկացնել երկու տարիքային խմբով` առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։

Նախարարի խոսքով՝ մրցաշարի անցկացման ընդհանուր ծախսերը կազմում են շուրջ 25․7 մլն դրամ։ Մրցաշարի անցկացման հետ կապված ծախսերը կազմում են 10․8 մլն դրամ, որի մեջ մտնում են՝ մասնակիցների սնունդ, ճանապարհածախս, ռադիոհանգույցի վարձակալում, մարզահագուստ (մարզաշապիկ, գլխարկ), գավաթներ, մեդալներ, հավաստագրեր, շնորհակալագրեր և կազմակերպչական այլ ծախսեր, որոնք նախատեսվում է հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելու արդյունքում։ Երկու տարիքային խմբերի 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցներին տրվող դրամական մրցանակների ծախսերը կազմում են 14․9 մլն դրամ, որը կհատկացվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, ընդ որում՝ կանոնակարգում նշված են առձեռն ստացվող գումարները, որտեղ ներառված չեն ՀՀ օրենսդրությամբ պահվող հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները:

Ըստ Վահրամ Դումանյանի՝ ընդհանուր առմամբ կլինեն 80 մրցանակակիրներ․ 1-ն տեղ զբաղեցրած մասնակիցը կստանա 1 մլն, 2-րդը՝ 600 հազար, 3-րդը՝ 400 հազար, 4-րդը՝ 150 հազար, 5-րդը՝ 100 հազար, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար, իսկ 11-20-րդ տեղերը՝ յուրաքանչյուրը 50 հազար դրամ։

Ոչ մրցութային կարգով մրցաշարին կարող են մասնակցել 18 տարեկանից ցածր բոլոր ցանկացողները։ ԿԳՄՍ նախարարությունը ոչ մրցութային կարգով մրցաշարին մասնակցելու հրավերներ է ուղարկել իր գործընկերներին՝ դեսպանատների և միջազգային կառույցների ներկայացուցիչներին։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նաև նշել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով, որը հնչել է վարչապետի՝ օլիմպիական հավաքականի մարզիկների հետ հանդիպմանը, այսօրվա նիստում որոշում է կայացվել նաև 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 207,308.9 հազար դրամ։ Այն կհատկացվի Հայաստանի ծանրամարտի, ըմբշամարտի, մարմնամարզության և բռնցքամարտի ֆեդերացիաներին՝ վերոնշյալ մարզաձևերի տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին նախապատրաստվելու, մասնակցելու և ՀՀ առաջնություններ անցկացնելու նպատակով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրում, ինչպես նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ հստակ շեշտադրվել է, որ առողջ ապրելակերպը պետք է դարձնել համընդհանուր, և դրա համար անհրաժեշտ են կոնկրետ միջոցառումներ։ Նրա խոսքով՝ հիմնական գաղափարը զանգվածային մեկնարկով մրցաշարեր կազմակերպելն է, որը պետք է անցկացվի ամենաբարձր մակարդակով և պատշաճ կերպով։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր տարի նախատեսվում է անցկացնել նմանատիպ չորս ոչ պրոֆեսիոնալ մրցաշար՝ հեծանվավազք, վազք, սեղանի թենիս և լող։ Նրա խոսքով՝ պետք է անել հնարավորը, որպեսզի քաղաքացիների շրջանում հետաքրքրություն առաջանա այդ մրցաշարերի նկատմամբ, և պոտենցիալ շահառուները պատշաճ տեղեկացված լինեն՝ ինչ մրցաշար է, ովքեր կարող են մասնակցել և ինչ պայմաններով։ Նա կարևորել է նաև միջմարզային տարբեր մրցաշարերի, ինչպես նաև համապետական և մարզային մակարդակներում դպրոցական առաջնությունների անցկացումը։

Անդրադառնալով օլիմպիական հավաքականի հետ հանդիպմանը՝ վարչապետը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել ռազմավարական պլանավորում, այն է՝ հաջորդ Օլիմպիական խաղերին սկսել նախապատրաստվել նախորդի ավարտից անմիջապես հետո։ Այդ հարցում, ըստ Նիկոլ Փաշինյանի, կոնկրետ անելիքներ ունեն ՀՀ կառավարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և ֆեդերացիաները։

Հավելենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի կազմակերպման հանձնաժողով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ