«Ես մտածում էի՝ արժե՞ արդյոք այդ գումարը հրապարակել, թե՞ ոչ. Ի վերջո՝ որոշեցի անկեղծ լինել …». Արթուր Ղազինյանը՝ իր 800 հազար դոլար կարողության մասին

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ քաղաքացիների ընդունելության և հանձաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

«Հայաստան» դաշինքը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Պարոն Ղազինյանին ներկայացրեց դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը:

Թեկնածուն, ներկայացնելով իր մոտիվացիան, թե ինչու է որոշել լինել այս հանձնաժողովում, ասաց, որ իր նպատակն էր ընդգրկվել 44-օրյա պատերազմի հանգամանքները ստուգող քննիչ հանձնաժողովում. «Եվ հաստատել կամ մերժել՝ եղե՞լ է արդյոք դավաճանություն կամ հայրենիքի հանձնում»:

Ինչ վերաբերում է իր հայտարարագրած կարողությանը, Ղազինյանն ասաց. «2010 թվականից ես պետական ծառայության մեջ չեմ եղել, օրենքով արգելված որևէ արարք չեմ կատարել, եթե կատարել եմ, ապա դա ենթակա է բացահայտման և պատասխանատվության: Ես մտածում էի՝ արժե՞ արդյոք այդ գումարը հրապարակել, թե՞ ոչ: Ի վերջո որոշեցի անկեղծ լինել մեր քաղաքացիների հետ և հրապարակել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ