«Ադրբեջանը նախազգուշացում կստանա, եթե համառի չստորագրել ռուսական մանդատը». Ստյոպա Սաֆարյան

Երեկ ՌԴ ՊՆ գնումների դեպարտամենտի ղեկավարի տեղակալի ստորագրած գնման հայտի մեջ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված զինվորական ավան» ձևակերպման կապակցությամբ սկանդալը «հանգուցալուծվել» է:

Երեկվանից Բաքվում բոլոր մակարդակներով հիստերիա բարձրացվեց. քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, լրատվամիջոցներ։ Հրահանգ ստացած բոլորը կամ սոցիալական ցանցերում էին աղմկում, որպեսզի ռուսական կողմում նկատեն բողոքը, իսկ ԱԳՆ բողոքի նոտա է հղել, և ինչպես նրա խոսնակն է նշել, «հակառակ կողմը» խոստացել է վերացնել «տեխնիկական սխալը»։

Սակայն կատարվածն ակնհայտ շանտաժ էր Բաքվին, որ եթե նա շարունակի չստորագրել իր տարածքում ռուս խաղաղապահների մանդատի արձանագրությունը, ապա Մոսկվան իր ներքին փաստաթղթերում կգրի, թե դրանք որտեղ են գտնվում, և այլընտրանք կա…

Ռուսաստանին պետք էր այս անհանգստությունը Բաքվում։ Ու մինչ Ադրբեջանի ԱԳՆ բողոք էր հայտնում հակառակ կողմին դեսպանության կամ Մարիա Զախարովայի խողովակներով, Բաքվի իշխանական ռազմատենչ, հակառուսխաղաղապահական քարոզչության խողովակներից Calibre.az-ը զանգում է ՌԴ ՊՆ գնումների դեպարտամենտի պետին ու բացատրություն պահանջում։ Դեպարտամենտի ղեկավարը չոր պատասխանում է, որ «գնումների կայքում տեղադրված փաստաթղթում ինչ կա, դա էլ կա», ավել ոչինչ չի կարող մեկնաբանել։ Ի պատասխան լրատվամիջոցի հայտնած ցանկության, որ մեկնաբանության համար իրենց կապեն փաստաթուղթը հեղինակած տեղակալի հետ, մերժում են ստանում։ Դեպարտամենտի ղեկավարը բավական չոր վերջին բանն է ասում’ հարցեր ունեք, գրավոր ուղարկեք…

Ակնհայտ է, որ ՌԴ ՊՆ դիրքորոշումը բավական չոր է այս հարցում, քան «բարի ոստիկանի» դերը ստանձնած ԱԳՆ-ինը։ Իսկ խաղը չափազանց հասկանալի է’ Բաքվին հասկացնել, որ եթե չեն ցանկանում տեքստերում տեսնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպումը, ուրեմն պետք է արձանագրությունները ստորագրեն և տեղում ենթարկվեն խաղի կանոններին, հավելյալ պահանջներ չդնեն, ինչպես օրինակ Արցախի բանակին զինաթափելու պահանջն է։

Իսկ դա մի բան է, որը զրոյացնելու է հունիսի 15-ի Շուշիի հռչակագիրը, որը Էրդողանն ու Ալիեւ ստորագրեցին’ Արցախի վրա «հարձակման» դեպքում նրա պաշտպանության մանդատը տալով Անկարային։ Այդ քաղաքական հռչակագիրը Անկարան ստորագրեց հենց ռուսական մանդատը ստորագրելուց Բաքվին ետ պահելու համար։ Այժմ ստորագրել ռուսական մանդատը, նշանակում է չեղարկել թուրքականը։ Ու հենց այս սկանդալի պահին Ռուսաստանի ԱԳՆ հայտարարում է, թե պատրաստ է նպաստել հայ-թուրքական նորմալացմանը’ Անկարային այլ խաղ ներքաշելու համար, իսկ Ռուսաստանի ՊՆ չի հավատում Բաքվի արցունքներին, թե Շուշիի դիրքերի վրա կրակել են. «կրակոց չի եղել», երեկ վկայեց ՌԴ ՊՆ-ը… Գեներալ Մուրադովն էլ հոգատար հոր տեսքով նկարվում է ադրբեջանցի ռազմագերու հետ ու հրապարակում…

Թե ինչ երկխոսություն կգնա Լավրովի ու Շոյգույի միջև, դժվար է ասել։ Երբ Շոյգույին ասվի, որ փաստաթղթում փոփոխություն արվի, բնականաբար կարող է պատասխան հնչել’ «իսկ ինչ գրենք, եթե մանդատը ստորագրված չէ?»…

Մի բան հաստատ է. այս խմորը շատ ջուր է քաշելու, ու Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ նախազգուշացում է ստանալու, եթե համառի չստորագրել ռուսական մանդատը…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ