Ի՞նչ ժամկետով է անձին սահմանվում հաշմանդամություն և ո՞ր դեպքերում է հաշմանդամությունը սահմանվում անժամկետ. ԱՍՀՆ

Հաշմանդամության սահմանման նպատակով՝ անձին բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունը ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության՝ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում: Ուղեգիր է տրամադրվում նաև տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ (նաև բուժման ընթացքում), սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո։

Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ:

Առաջին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, երկրորդ և երրորդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը տրվում է երկու տարի ժամկետով, հինգ տարի ժամկետով կամ մինչև անձի 18 տարին լրանալը:

Հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝

տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց,
վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության դեպքերում,
իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից նույն հիվանդություններով կամ ախտաբանական վիճակներով յոթ տարվա դիտարկումից հետո հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածներին՝ ութերորդ տարվա դիտարկման դեպքում,
մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում։
Բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով՝ քաղաքացին կարող է դիմել բուժում կամ սպասարկում իրականացնող համապատասխան բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա), որն անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում կտրամադրի ուղեգիր (ձև 088):

Վերջինիս առկայության դեպքում՝ անձը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոն՝ դիմումին կից ներկայացնելով առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ