«Իմ քայլը՝ հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում իսկապես նոր գործարար հնարավորություններ կան, և մնում է աջակցել նրանց:
«ՀՀ-ում մինչև հիմա գործընկերային նախագծերը ձախողվել են, բայց այստեղ մենք տասնյակ նախագծեր տեսանք, որոնք գործընկերային տրամաբանության մեջ կլինեն շատ հաջողակ»,- ասել է ՀՀ վարչապետը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում հաճախ է ասվել, որ գործընկերային նախագծերն ավարտվում են իրար խաբելով, «գցելով», սակայն նոր Հայաստանում արդեն ամեն գործընկեր պետք է պատասխանատվությամբ վերաբերվի իր մյուս գործընկերոջը:
Սա իմ ամենակարևոր եզրակացությունն է այսօրվա մեր քննարկումից: Բոլոր գործընկերներին մաղթում եմ փոխադարձ վստահություն: Այսօր ներկաներից շատերը ցույց տվեցին, որ ունենք մարդիկ, որոնք աշխարհն ընկալում են նորովի, որոնց խնդիրն է, որպեսզի իրենց ընկալած աշխարհն իրենք կարողանան իրականություն դարձնել` իրենց գյուղում, իրենց մարզում, իրենց հայրենիքում և իրենց հանրապետությունում: