Շուշիի մասին Ալիևի հայտարարությունները հերթական սուտն են, փորձում է արդարացնել ադրբեջանցիների իրականացրած թալանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

-Պարոն Բաբայան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Շուշին ավերված քաղաք է եղել, ոչ մի շինություն չի կառուցվել, իսկ այն ինչ կար Շուշիում՝ պատկանում էր երկու-երեք հայ պաշտոնյաների։ Ձեր դիտարկմամբ՝ նման հայտարարությունն ի՞նչ նպատակ է հետապնդում։

–Այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պարզապես հերթական սուտ։ Մենք բոլորս գիտենք, թե Շուշին ինչպես է վերակառուցվել։ Շուշին , իհարկե, շատ մեծ ավերածություններ է տեսել իր պատմության մեջ՝ հատկապես առաջին արցախյան պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանցիները դուրս գալուց ոչնչացնում էին քաղաքը։ Այնտեղ պատերազմ է տեղի ունեցել՝ յուրաքանչյուր շենքի ու բակի համար։ Բայց համայն հայությունը մեծ ներդրումներ է արել Շուշիում ու այն բավականին գեղեցիկ է դարձել։ Որպեսզի Ալիևն արդարացնի այն ավերածությունները, որն ինքն իրականացնում է պետական մակարդակով, պետք է ասի որ այնտեղ ոչ մի բան չկա։ Ասում է՝ քաղաք չկա, մեկ-երկու հոգու տուն է եղել։ Բայց այնտեղ դպրոցներ ու թանգարաններ են եղել՝ միջազգային մակարդակին համահունչ։ Բոլորն ադրբեջանցիների կողմից թալանվել են, վերցրել-տարել են բարձրաստիճան պաշտոնյաների անձնական հավաքածուներն են համալրել։ Այս ամենը պարզ է, հետևաբար ունենք այն, ինչ ունենք։ Նման հայտարարությունները մշակութային ցեղասպանության դրսևորում են։

-Իսկ ինչի՞ է ձգտում Ալիևը նման հռետորաբանությամբ։

-Փորձում են արդարացնել իրենց բարբարոսություններն ու հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը։ Փորձում են ազդել մեզ վրա, վհատեցնել։ Նման քայլերի դիմելով՝ իրենք խախտում են բոլոր միջազգային նորմերն ու կանոնները։

-Մեր անելիքը ո՞րը պետք է լինի։

-Այս պահի դրությամբ մենք պետք է դուրս գանք այս ծանր հոգեբանական վիճակից։ Պետք է հավաքվենք, կազմակերպվենք, այլ տարբերակ չունենք։ Տեսնում եք՝ հակառակորդն ինչպիսի քայլերի է դիմում, թշնամին ինչպես է աշխատում։ Եթե չկարողանանք ապաքինվել, չհավաքվենք՝ բարդությունները շատ ավելի վատն են լինելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ