Վրաստանում կորոնավիրուսից մահացության բարձր մակարդակը կպահպանվի. Գամկրելիձե

Անցած շաբաթվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից օրական մահերի թիվը գերազանցել է 50-ը: Հակառեկորդը սահմանվեց օգոստոսի 26-ին, երբ մեկ օրվա ընթացքում արձանագրվեց 79 մահ կորոնավիրուսից: Հաղորդում է Aliq Media-ն։

Վրաստանում համաճարակաբանական իրավիճակն աննշան կայունացել է, մահացության բարձր մակարդակը կպահպանվի: Այսպիսի կանխատեսում է անում Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Ըստ նրա` եթե մինչև տարեվերջ չափահաս բնակչության 80% -ը պատվաստվի, ապա Նոր տարին ավելի հանգիստ և ազատ կանցնի:

Կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 76 հիվանդ, համաճարակի սկզբից ՝ 7251 -ը: Ըստ Գամկրելիձեի` յուրաքանչյուր 1000 նոր դեպքի համար միջինում գրանցվում է 10-17 մահ:

Ինչպես վստահեցնում է համաճարակաբանը, եթե սեպտեմբերին և հոկտեմբերին հնարավոր լինի պատվաստել մեկ միլիոն բնակչի, ապա Վրաստանն ավելի շուտ կհասնի հիմնական նպատակին` չափահաս բնակչության 60%-ի պատվաստմանը:

Նախատեսվում է սեպտեմբերին օրական 30-33 հազար մարդու պատվաստում իրականացնել: Ըստ մասնագետների` դա միանգամայն հնարավոր է՝ ելնելով երկրում առկա պատվաստանյութի պաշարներից, ինչպես նաև հիմնարկների և պատվաստումներ իրականացնող թիմերի քանակից:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ