Տիկին Մանուկյանը ոչ միայն շարունակում է տարածել արդեն հերքված ապատեղեկատվություն, այլև լրացնում է այն նոր ստով

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտնում է․

««Հայաստան» դաշինքի անդամ Արեգնազ Մանուկյանը կրկին տարածել է ապատեղեկատվություն այն մասին, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել և որոշել է արգելել պատգամավորներին իրենց հետ նիստերի դահլիճ տանել բջջային հեռախոսները։

Տիկին Մանուկյանը ոչ միայն շարունակում է տարածել արդեն հերքված ապատեղեկատվություն, այլև լրացնում է այն նոր ստով, նշելով, թե իբր նման արգելք սահմանվելու է հենց ընդդիմությունը ներկայացնող պատգամավորների համար։
Ստիպված ենք ևս մեկ անգամ հերքել մտացածին այս տեղեկատվությունը և տիկին Մանուկյանին հիշեցնել, որ ինքն այլևս ԱԺ պատգամավոր է, և ոչ թե ապատեղեկատվությունների տարածմամբ հայտնի դարձած «լրատվամիջոցի» ներկայացուցիչ։

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ դեռևս 2016 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատված ՀՀ ԱԺ աշխատակարգի 1-ին մասի 5-րդ կետով սահմանվում է, որ բացառությամբ Ազգային ժողովի նիստը նկարահանելու թույլտվություն ունեցող հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների, Ազգային ժողովի նիստի ընթացքում արգելվում է դահլիճ բերել եւ օգտագործել լուսանկարահանման, կինոնկարահանման, ձայնագրման, տեսագրման, ռադիոկապի կամ հեռախոսակապի սարքեր կամ տեղեկատվության մշակման այլ միջոցներ, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի եւ համակարգչային տեխնիկայի։

Չնայած այս հանգամանքին՝ ԱԺ ղեկավարությունը գործնականում երբևէ չի կիրառել տվյալ սահմանափակումը, և ավելին՝ որոշում է կայացվել հաջորդ ԱԺ խորհրդի նիստում վերանայել ԱԺ աշխատակարգով սահմանված տվյալ արգելքը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ