Սպառողական կոոպերատիվի նախագահին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Աղին համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի նախագահի կողմից խոշոր չափերի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի հանգամանքները:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ նշված կոոպերատիվի նախագահը, 2012թ. փետրվարի 13-ից մինչ օրս զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսերի կառավարման և մրցունակության» ծրագրի աշխատանքների կատարման շրջանակներում, 2013թ. փետրվարի 15-ին «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հետ կնքել է պայմանագիր՝ Աղին համայնքում արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման նպատակով անասնակերի արտադրության վերաբերյալ, որից հետո՝ 2013թ. մայիսի 7-ին, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից «Աղին համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի հաշվեհամարին է փոխանցվել 8.000.000 ՀՀ դրամ::

Այնուհետև 2013թ. մայիսին և սեպտեմբերին կոոպերատիվի նախագահը կազմել է բովանդակությամբ կեղծ վճարման տեղեկագրեր, որոնցում կեղծել է որպես սպառողական կոոպերատիվի անդամներ ձևականորեն ընդգրկված՝ Աղին համայնքի բնակիչների ստորագրությունները, թե, իբր, տեղեկագրերում նշված անձինք անասնակերի արտադրության կազմակերպման նպատակով ստացել են «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից անասնակերի արտադրության համար հատկացվող գումարներ, և կոոպերատիվի հաշվեհամարին փոխանցված ընդհանուր 8.000.000 ՀՀ դրամ գումարից յուրացման եղանակով հափշտակել խոշոր չափերով՝ 2.303.030 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ սպառողական կոոպերատիվի նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ