Արարատ Միրզոյանն օգոստոսի 31-ին կմեկնի Մոսկվա

Օգոստոսի 31-ին Մոսկվայում կկայանա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես հաղորդվում է, հանդիպմանը նախատեսվում է հանգամանորեն քննարկել բոլոր ոլոտներում հայ-ռուսական դաշնակցության զարգացմանը, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն, համագործակցության հարստացմանը, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կառույցներում դիրքորոշումների համակարգմանն ուղղված հետագա քայլերը:

«Քննարկվելու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, այդ թվում՝ հումանիտար հարցերն ու Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը: Հուսով ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային համագործակցության խորացմանն ու կայունության և անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ