Հայ Կաթողիկե եպիսկոպոսները հրավիրվել են Հռոմ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց պատրիարք ընտրելու համար

Միջին Արևելքի տարբեր քաղաքների և աշխարհի տարբեր երկրների թեմերում ծառայություն իրականացնող Հայ Կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսները սեպտեմբերի 20-ից սկսած հրավիրված են Հռոմ՝ Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք ընտրելու համար, ով կփոխարինի մայիսի 25-ին մահկանացուն կնքած Գրիգոր Պետրոս պատրիարքին։ Ինչպես հաղորդում է vaticannews-ը, այս մասին հայտնել է Հալեպի հայ կաթողիկների առաջնորդ և Տանն Կիլիկիո հայոց պատրիարքության թափուր աթոռի կառավարիչ Պետրոս Արքեպիսկոպոս Միրիաթյանը։

Նշվում է, որ հունիսի 22-ին հնարավոր չի եղել պատրիարք ընտրել, քանի որ թեկնածուներից որևէ մեկը չի կարողացել հավաքել ձայների երկու երրորդը, ինչպես նախատեսված է Արևելյան եկեղեցիների եկեղեցական կանոնադրության մեջ։

Պետրոս Արքեպիսկոպոս Միրիաթյանը հայտնել է, որ Հայ Կաթողիկե եպիսկոպոսները պետք է սեպտեմբերի 20-ից հավաքվեն Հռոմի Լևոնյան քահանայապետական վարժարանում, ուր սեպտեմբերի 22-ից պետք է սկսեն ընտրության նիստերը, որոնք նախագահելու է Արևելյան եկեղեցիների ժողովների կառավարիչ, կարդինալ Լեոնարդո Սանտրին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ