Կոտայքում մեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդին ու փախել

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ ժամը 11։45-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան տանող ճանապարհի ոլորապտույտ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։

«Վրաերթի ենթարկվածը, որը երիտասարդ տղա է, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, մահացել է»,-գրում է կայքը։

Դեպքի վայրում վրաերթի ենթարկվածի ազգականների ինքնազգացողությունը վատացել է, ժամանած շտապօգնությունը հարազատներից մի կնոջ տեղափոխել է հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը):

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ