Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքերի հանգամանքները:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարը, 2016թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ աշխատանքների կատարված լինելու հանգամանքը փաստող կատարողական ակտը:

Մասնավորապես, Սիսիանի համայնքապետարանի միջոցներից շուրջ 10.000.000 ՀՀ դրամի չափով համայնքի կարիքների համար գնում կատարելու նպատակով, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ, կազմակերպվել է Սիսիանի երաժշտական դպրոցներից մեկի շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացումը: Համայնքի ղեկավարի և նրա եղբոր նախնական համաձայնությամբ, արդեն իսկ կանխորոշված է եղել, որ աշխատանքներն իրականացվելու են վերջինիս պատկանող ՍՊ ընկերության կողմից: Ավելին՝ համայնքի ղեկավարի եղբայրը մինչ մրցույթ հայտարարելն անձամբ ուսումնասիրել և ծանոթացել է հայտարարվող մրցույթի նախագծա-նախահաշվային փաստաթղթերին:

Այնուհետև՝ ձևական գնման գործընթաց կազմակերպելու նպատակով, համայնքի ղեկավարի՝ 2016թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ, ստեղծվել է մրցույթի գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են համայնքի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետը, նույն բաժնի 2 գլխավոր մասնագետ, աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետը, իսկ քարտուղար է նշանակվել աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետը:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 23-ին, գնահատող հանձնաժողովի կողմից գնման հրավերը հրապարակվել է էլեկտրոնային գնումների համակարգի կայքում, սակայն, քանի որ համայնքի ղեկավարի եղբորը պատկանող ՍՊԸ-ի կողմից նշված համակարգ մուտք գործելու հետ կապված խոչընդոտներ են առաջացել, վերջինիս նախաձեռնությամբ և նրա փոխարեն 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18:55-ին, գնմանը մասնակցության հայտ է ներկայացրել նրա ընտանիքի կնքահորը պատկանող ՍՊ ընկերությունը, որը մրցույթով նախատեսված աշխատանքները կատարելու համար առաջարկել է 10.230.000 ՀՀ դրամ:

Հրավերով նախատեսված հայտերի բացման օրը՝ 2016թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:20-ին, մինչև հայտերի ներկայացման ժամկետի լրանալը, գնման հրավերի պահանջներին համապատասխան մասնակցության հայտ է ներկայացրել նաև մեկ այլ ՍՊ ընկերություն, որը մրցույթով նախատեսված աշխատանքները կատարելու համար առաջարկել է 6.598.950 ՀՀ դրամ:

Տեղեկանալով նշված ՍՊ ընկերության հայտի մասին և գիտակցելով, որ ավելի նվազ գնային առաջարկ ներկայացնող ընկերության կողմից մրցույթին հաղթող ճանաչվելն անխուսափելի է, համայնքի ղեկավարը գնահատող հանձնաժողովի քարտուղարին հանձնարարել է ստեղծել նշված ընկերության հայտը մերժելու արհեստական հիմքեր և ամեն կերպ մերժել նրա հայտը:

Գնահատող հանձնաժողովի անդամներն ու քարտուղարը, համայնքի ղեկավարին չհակադրվելու, վերջինիս հանձնարարությունն անվերապահ կատարելու խմբային շահերից ելնելով, տվյալ ժամանակահատվածում գործողության մեջ գտնվող «Գնումների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով ՍՊ ընկերության հայտը բավարար գնահատելու և մրցույթի հաղթող ճանաչելու փոխարեն, անհիմն մերժել են այն՝ հայտում տուժանքի համաձայնագրի վճարման պահանջագրի լրացման կարգը գնահատելով անբավարար՝ արձանագրելով, որ բացակայում է շահառուի անվանումը: Մինչդեռ, հենց համայնքապետարանի կողմից հրապարակված մրցույթի հրավերի համաձայն՝ ներկայացվող վճարման պահանջագրերի որոշ տողեր ենթակա են եղել լրացման վերը նշված մրցութային հանձնաժողովի կողմից: Այսինքն՝ մրցութային հանձնաժողովը, իր պարտականությունը վերագրելով որպես նշված ՍՊ ընկերության բացթողում, առանց օրինական հիմքի մերժել է առավել ցածր գնային առաջարկ ներկայացրած տվյալ ընկերության հայտը՝ դիտավորությամբ անտեսելով համայնքի ղեկավարի եղբոր ընտանիքի կնքահորը պատկանող ՍՊԸ-ի կողմից ներկայացրած վճարման պահանջագրում պարտադիր լրացման ենթակա տողերը նույնպես լրացված չլինելու հանգամանքը:

Արդյունքում՝ մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած՝ համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ՍՊ ընկերությունը, որի հետ 2016թ. դեկտեմբերի 27-ին կնքվել է վերը նշված աշխատանքների կատարման գնման պայմանագիրը, իսկ վերջինս էլ նույն օրն իր հերթին ենթակապալի պայմանագիր է կնքել համայնքի ղեկավարի եղբորը պատկանող ՍՊ ընկերության հետ:

Երկու օր անց համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձի կողմից կազմվել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, կապալի աշխատանքների կատարման ժամանակահատվածի վերաբերյալ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն և պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտ, որից հետո համայնքի ղեկավարը կազմել և իր ստորագրությամբ ու կնիքով վավերացրել է կեղծ տեղեկություններ պարունակող՝ վերոնշյալ երաժշտական դպրոցի կարիքների համար ջեռուցման համակարգի տեղակայման աշխատանքների կատարողական ակտը, մինչդեռ աշխատանքներն իրականում կատարվել են 2017թ. հունվարին:

Համայնքի ղեկավարի և մրցութային հանձնաժողովի անդամների կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, իսկ համայնքի ղեկավարի կողմից կազմված կեղծ փաստաթղթի հիման վրա՝ համայնքապետարանի բյուջեից կապալառու կազմակերպությանն անհիմն հատկացվել է 10.230.000 ՀՀ դրամ գումար, այդ կերպ՝ Սիսիան համայնքին պատճառելով 3.631.050 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սիսիան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա եղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, վերջինիս ընտանիքի կնքահորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքի ղեկավարի տեղակալին, համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին և երկու գլխավոր մասնագետներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, վերջինիս եղբոր նկատմամբ՝ գրավը, մյուս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Գնահատող հանձնաժողովի քարտուղարի՝ համայնքապետարանի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցվել է:

Նշված 7 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու համար քրեական գործից անջատվել է առանձին մաս, որի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ