«Իրանական բեռնատար մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված խնդիր չունեն, խնդիր ունեն Երևան հասնելու հետ…». Վահան Քերոբյան

«Իհարկե Հայաստանի Հանրապետության սահմանը սկսվում է Մեղրիից և իրանական մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված խնդիր չունեն, խնդիր ունեն Երևան հասնելու հետ, այդ խնդիրն այս պահին լուծվում է շրջանցող ճանապարհի միջոցով, իհարկե այդ ճանապարհը հարմարեցված չէ խոշոր բեռնատարների համար, բայց միևնույն է այդ ճանապարհն այսօր աշխատում է և բեռներն անցնում են»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ իրենց կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ժամ առաջ, րոպե առաջ այդ ճանապարհը վերաբացվի:

Նախարարն անդրադառնալով՝ ադրբեջանական զինվորականների կողմից Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհի փակման հետևանքով, որոշ բնակավայրերում առաջացած պարենային խնդիրներին՝ ասաց. «Էկոնոմիկայի նախարարության կազմում գործում է պարենային անվտանգության վարչությունը և այսօր խորհրդակցություն ենք ունեցել, որպեսզի ապահովենք այս տարածաշրջանի ժողովրդի պարենային անվտանգությունը»:

Նա նշեց, որ ռուս խաղաղապահներն են մթերք հասցնում, և կա այլընտրանքային ճանապարհ:

«Մենք ստեղծել ենք 2021-2026 թթ. Կառավարության ծրագիրը, որտեղ շատ մեծ ուշադրություն է դարձված տնտեսական հզորությունը վերականգնելուն, որովհետև միայն տնտեսապես հզոր երկիրը կկարողանա լուծել այն անվտանգային խնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր երկրի առջև»,-նշեց Վահան Քերոբյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ