«Խնդրում եմ ևս մեկ անգամ դառնալ զինվոր, նորից վերհիշեք զենք բռնելը…». Արշակ Կարապետյանը հանդիպել է եռամսյա հավաքների մասնակիցներին

Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցներին։ Զրուցելով պահեստազորի՝ շարքային, ենթասպայական ու սպայական կազմի հետ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը կոչ է արել անել ամեն ինչ՝ հավաքների եռամսյա ժամանակահատվածն արդյունավետ օգտագործելու համար։

«Խնդրում եմ ևս մեկ անգամ դառնալ զինվոր, նորից ընդգրկվել հայրենիքի պաշտպանությանը, նորից լավ սովորել, ոնց որ արել եք նախորդ ձեր ծառայության ժամանակ, նորից վերհիշեք զենք բռնելը և ձեր առկայությունը այստեղ հիմք է հանդիսանում, որ մեր խաղաղությունը լինի ամուր ձեռքերում և մեր երկիրը լինի պաշտպանված»։

Արշակ Կարապետյանը հորդորել է հարգել հարամանատարներին և անվերապահորեն կատարել նրանց հրամանները։ Պաշտպանության նախարարը շեշտել է, որ արվելու է առավելագույնը, որպեսզի հավաքների մասնակիցները լիարժեք ներգրավվեն զորամասի առօրյային և մարտական պատրաստությանը։

Արշակ Կարապետյանը նաև վստահեցրել է, որ կառավարության կողմից արվելու է հնարավորը՝ հավաքների հետ կապված, մասնակիցների սոցիալական խնդիրները լուծելու համար։ Պաշտպանության նախարարը եղել է դաշտային ճաշարանում և ստուգել սննդի որակը՝ անձամբ համտեսելով մատուցվող ճաշատեսակները։

Արշակ Կարապետյանն այցելել է նաև վրանային ավան, տեղում ծանոթացել հավաքի մասնակիցների կենցաղ-կացարանային պայմաններին, զորամիավորման ու զորամասի հրամկազմին հանձնարարել անել առավելագույնը՝ որակյալ սնունդն ու կացարանային պատշաճ պայմաններն ապահովելու համար։

Այնուհետև Արշակ Կարապետյանն այցելել է նորաստեղծ Հատուկ զորամիավորում, որի ղեկավար կազմին և ենթակա զորամասերի ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանին։

Արշակ Կարապետյանը հրամանատարական կազմին հորդորել է անել առավելագույնը՝ եռամսյա հավաքների շրջանակում ստորաբաժանումները համալրած պահեստազորայինների վերապատրաստումն առավել արդյունավետ անցկացնելու համար։

Աշխատանքային շրջայցի ավարտին Կարապետյանը եղել է եռամսյա հավաքների անցկացման շրջաններից ևս մեկում, հանդիպել պահեստազորայիններին և ծանոթացել նրանց համար ստեղծված սոցիալ-կենցաղային պայմաններին։ Նախարարը հավաստել է, որ իր այցերը պարբերական են լինելու, իսկ հավաքների անցկացման հետ կապված խնդիրները գտնվում են իր անմիջական հսկողության ներքո։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ