Յոթ ամիսներին արձանագրված տնտեսական աճը աշխարհացունց չէ․ մոտենում ենք 2019-ի ցուցանիշներին

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվար-հուլիսի ամիսների օպերատիվ տվյալները։ Ըստ այդմ ՀՀ տնտեսությունն հունվար-հուլիսին արձանագրել է 5.2% տնտեսական աճ։ Աճ է արձանագրվել բոլոր ճյուղերում։ Առանձնակի ուրախալի է շինարարության ոլորտի աճը (8.8%)։ Բավական դրական է արտահանման առաջանցիկ աճը (23.2%):

Այս ֆոնին, սակայն, գնաճը դեռևս գտնվում է թիրախային համարվող 4+/- 1.5%-ից բարձր նշաձողի վրա (6.1%)։

Որոշ մասնագետներ, տնտեսագետներ վերապահումով են մոտենում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին՝ նշելով, որ դրանք արժանահավատ չեն։

Տնտեսագետ Արմեն Քթոյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ եթե խոսում ենք արժանահավատության մաիսն, ապա եթե չունեն փաստեր, որոնք ցույց են տալիս, որ հրապարակված թվերը ոչ արժանահավատ են, իրավունք չունենք կասկածելու դրանց արժանահավատության մեջ։

Ըստ Քթոյանի՝ չի կարելի կասկածել վիճակագրական թվերին միայն նրա համար, որ ինչ-որ մեկի ենթադրությամբ այդ թվերը պետք է որ այդպես չլինեին։ Մյուս կողմից էլ, տնտեսագետի խոսքով, այնպես չէ, որ այդ թվերը աշխարհացունց թվեր են և հնարավոր չէր, որ այդպես լիներ․»Ի վերջո մենք պետք է հիշենք, որ 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ առաջին 7 ամիսներին, նախորդ՝ 2019 թվականի նույն ամիսների համեմատությամբ մենք ունեցել ենք նույն չափով տնտեսական ակտիվության նվազում, շինարարության 20 տոկոս անկում ենք ունեցել, ծառայությունների, առևտրի ոլորտի երկնիշ անկում ենք ունեցել։ Այս պարագայում, երբ ոլորտը անկում է ապրում, բազան կրճատվում է, ապա դրա նկատմամբ հաջորդիվ աճ գրանցելը անհնարին բաների շարքից չէ։ Շինարարության ոլորտում առկա է 8 տոկոսի աճ նախորդ տարվա 20 տոկոս անկման ֆոնին։ Եվ եթե համեմատենք շինարարության ծավալը դրամային արտահայտությամբ 2021 թվականի համար, ապա կստացվի, որ մենք դեռևս չենք հասել 2019 թվականի մակարդակին։ Այսինքն ներկայումս արձանագրված աճը դեռ չի ենթադրում, որ մենք հաղթահարել ենք կոնկրետ շինարարության ոլորտում այն անկումը, որը որ կար»,-ասաց տնտեսագետը։

Նույնը արդյունաբերության ոլորտում է։ 2 տոկոս աճ է արձանագրվել՝ ընդ որում դա պղնձի բավականին բարձր գների ֆոնին, հանքագործության ընդլայնման ֆոնին։ Այսինքն սա էլ անհնարին ցուցանիշ չէ։ Եվ եթե կրկին սա համեմատում ենք 2019-ի արդյունքների հետ, ապա կրկին տեսնում ենք, որ դեռ նոր-նոր վերականգնվում է 2019 թվականի մակարդակը։

Առևտրի, ծառայությունների ոլորտում ևս 2019-ի մակարդակին ենք մոտենում․«Այսինքն ընդհանուր առմամբ պետք է արձանագրենք, որ աճի ավելի բարձր տոկոս գրանցվել է այն ոլորտներում, որտեղ որ նախորդ տարի մենք ունեցել ենք առավել մեծ նվազում։ Այդ պարագայում աճը վերականգնվում է, դա տրամաբանական է, տնտեսությունը որոշակիորեն սկսել է վերականգնվել։ Եթե համեմատենք 2019 թվականի հետ, ապա մենք որոշ ոլորտներում հասել ենք 2019-ի մակարդակին, իսկ որոշ ոլորտների մասով դեռ ունենք հասնելու։ Ընդ որում զուտ ֆիզիկական ծավալով։ Այո, որոշակիորեն վերականգնվում ենք, բայց 2019 թվականի մակարդակը դեռ չենք վերականգնել»,-ասաց Քթոյանը։

Ինչ վերաբերում է գնաճին, ապա մեր զրուցակցի խոսքով գնաճը, այո, անցած տարվա համեմատ բարձր է՝ 6,1 տոկոս է առաջին 7 ամիսների համար, բայց դա ունի ամենատարբեր բաղադրիչները՝ հետճգնաժամային, հետհամավարակային իրավիճակում աշխարհում արձանագրվում է գների բավականին բարձր մակարդակ։ Եվ Հայաստանում էլ գների բավականին բարձր մակարդակը հենց դրանով է պայմանավորված․«Ընդհանրապես գնաճի բավականին բարձր մակարդակը դա զարգացող երկրների առանձնահատկություններից մեկն է»,-եզրափակեց տնտեսագետը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ