Ազատամարտիկ Արթուր Մարդանյանը մանրամասներ է հայտնում Աննա Մկրտչյանի և նրա հոր արարքների մասին

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի դեմ, ով Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարն է, հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է․

«Քասախ համայնքի ղեկավարը նախապես պայմանավորվել է մի քաղաքացու հետ` Քասախում ընդհանուր 9600 քմ մակերեսով հողատարածքը մեկ քառակուսի մետրը 15 դոլարով ձեռք բերելու վերաբերյալ: Համայնքի ղեկավարը և նրա հետ նախնական համաձայնության եկած համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, ընդհանուր 144 հազար դոլարին համարժեք 59 միլիոն դրամից հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ և օգտագործելով պաշտոնեական դիրքը, խախտել են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի պահանջները և որպես աճուրդի կազմակերպիչ, աճուրդների մասին հրապարակային ծանուցում չեն ներկայացրել հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք` հնարավոր այլ շահառուների զրկելով աճուրդներին մասնակցելու իրավունքից:

Հետո փաստացի չկայացած աճուրդների վերաբերյալ կազմել են իրավաբանական նշանակություն ունեցող, իրադարձություններ հավաստող՝ հողամասերն իբր աճուրդով վաճառելու վերաբերյալ 12 արձանագրություն, որոնցում կեղծ տեղեկություններ են ներառել աճուրդների անցկացման, տարբեր անձանց մասնակցության և կատարված քայլերի վերաբերյալ ու դրանց հիման վրա համայնքային սեփականություն հանդիսացող՝ 9600 քմ մակերեսով հողատարածքների վաճառքը ձևակերպել են մեկ քառակուսի մետրն ընդամենը 2900 դրամով՝ ընդհանուր 28 միլիոն դրամով: Այդ կերպ նրանք յուրացրել են գնորդի կողմից կանխիկ եղանակով իրենց վստահված 59 միլիոն դրամից առանձնապես խոշոր չափերի` 31 միլիոն դրամը։

Բացի այս, կիրառելով նույն մեխանիզմը, Քասախի համայնքային սեփականություն հանդիսացող՝ 800 քմ մակերեսով հողատարածքը համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետին օտարվել է մոտ երկուսուկես միլիոն դրամով, իսկ վերջինս էլ, այն բաժանելով երկու մասի, անցած տարվա հունիս և օգոստոս ամիսներին առուվաճառքի պայմանագրերով դրանք վաճառել է համապատասխանաբար` չորս միլիոն և ութ միլիոն 730 հազար դրամով, ինչի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 10 միլիոն դրամի էական վնաս, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Դեպքերի առթիվ քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ