Ինչ փաստաթղթերի պետք է ներկայացնել պետական նպաստների համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ պետական նպաստի առանձին տեսակների նշանակման համար դիմում ներկայացնելու դեպքում պետք է այցելել Միասնական սոցիալական ծառայության բնակության վայրի տարածքային կենտրոն։

Ձեզ ենք ներկայացնում դիմում գրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։

Չաշխատող անձի մայրության նպաստի նշանակման դեպքում՝

  • Անձը հաստատող փաստաթուղթ,
  • ՀԾՀ (սոցիալական քարտ),
  • հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը (եթե քաղաքացին չունի ՀԾՀ),
  • ժամանակավոր անաշխատունակության թերթիկ,
  •  դիմումում նշում բանկի անվանումը, որտեղից շահառուն (կամ լիազորված անձը) ցանկանում է ստանալ մայրության նպաստի գումարը,
  • ազատ ոճով շարադրված հայտարարություն՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար առաջին օրվա դրությամբ՝ օրենքով սահմանված վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսանալու մասին, անհրաժեշտության դեպքում՝ շահառուի բանկային հաշվի համարը։

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման դեպքում՝

  • Անձը հաստատող փաստաթուղթ,
  • ՀԾՀ (սոցիալական քարտ),
  • Երեխայի ծննդյան վկայական,
  • Երեխայի ՀԾՀ (սոցիալական քարտ),
  • Խնամակալության մասին փաստաթուղթ (եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն),
  • ծնողին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու մասին գործատուի տված տեղեկանքը (ստորագրված և կնքված գործատուի կնիքով), անհրաժեշտության դեպքում՝ բանկային հաշվեհամար։

Հարկ է նկատի ունենալ, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման համար անհրաժեշտ է դիմումը և պահանջվող փաստաթղթերը ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության որևէ տարածքային բաժին, կամ դիմումը ներկայացնել առցանց եղանակով՝ առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր մուտք գործելով ssa.am կայքէջ:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման դեպքում՝

  • Անձնագիր,
  • ՀԾՀ (սոցիալական քարտ),
  • ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց,
  • Ծննդյան վկայականը կամ երեխայի մահվան դեպքում մահվան վկայականը,
  • բանկի անվանումը, որտեղից ծնողը (նրա լիազորած անձը) ցանկանում է ստանալ նպաստի գումարը,
  • ՔԿԱԳ մարմնի տված՝ ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը։
  • Ծնողի՝ նպաստի իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր (ներկայացվում է ըստ պահանջի),
  • Ընտանիքում երկրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաների (զավակների) մահվան վկայականի սերիան և համարը կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթղթի համարը:

Հարկ է նկատի ունենալ, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է նաև առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա ssa.am կայքէջի միջոցով:

Նշանակված, սակայն դիմողի մահվան պատճառով չվճարված երեխայի ծննդյան միանվագ, ինչպես նաև մայրության կամ անաշխատունակության նպաստի վճարման դեպքում՝

  • Դիմումը ներկայացնող ծնողի, որդեգրողի կամ խնամակալի անձնագիրը, ՀԾՀ (սոցիալական քարտ),
  • այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը,
  • Նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր (նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ և այլն),
  • ծնողի մահվան վկայականը, եթե այն տրամադրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ