Մինչև խոր ծերություն պայքարելու եմ, որ նրանք իրենց պատիժը կրեն․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Արդարադատության նախարար պարոն Կարեն Անդրեասյանին է ուղարկվել պահանջվող բոլոր փաստաթղթերի փաթեթը և դիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու հարցը ԲԴԽ-ում քննարկելու և որոշում կայացնելու համար։

Դիմումում հիշատկաված են ինչպես Վերաքննիչ դատարանի կողմից հաստատված իրավախախտումները, այնպես էլ միտումնավոր՝ կոլեգային խնայելու համար “աչքաթող” արվածները։ Որքան էլ Վերաքննիչ դատարանի վճիռը նույնպես այս փաթեթի մաս է կազմում, այդուհանդերձ դրա երեք դատավորների՝ Իշխան Զաքարյանի խնամու, Գագիկ Բելգարյանի խնամու ու նախկին նախարար Մխիթար Մնացականյանի դստեր դեմ դիմումը նույնպես առանձին ներկայացվելու է։

Փաստաբաններիս հետ միասին որոշում է կայացվել, որ նույն այս գործով դատաիրավական բանդան բացահայտելու համար առանձին հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու Ազգային անվտանգության ծառայությանն ու Հատուկ քննչական ծառայությանը։ Գործերի մակագրման հետ կապված հիմնավոր կասկածներիս շուրջ բացատրություններ արդեն իսկ տվել եմ ԱԱԾ-ում քննվող ավելի խոշոր գործի շրջանակներում, սակայն գտանք, որ առանձին հաղորդում է պետք ներկայացնել կազմակերպված հանցավորության գործով նյութեր նախապատրսատելու համար։

Մելկ այլ որոշում ենք ընդունել փաստաբաններիս հետը միասին․ Վճռաբեկ դատարանի անթույլատրելի խայտառակ որոշման /բողոքը վարույթ չընդունելու/ կապակցությամբ դիմելու ենք Սահմանադրական դատարան։ Ի դեպ՝ բացառիկ նույնատիպ մեկ այլ գործ կա փաստաբանների մոտ, որով նույն պատճառաբանությամբ դիմելու ենք ՍԴ։
Այս գործով արդեն իսկ սկսվել է նաև ՄԻԵԴ-ի դիմումի պատրաստումը։
Զարուհի Նախքարյանի կայացրած ապօրինի մեկ այլ վճռով վերջերս մեզ գտել ու նյութերը ներկայացրել է մեկ այլ տուժած քաղաքացի, և նա նույնպես կարգապահական վարույթի դիմում է ուղարկելու Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին։
Մեր տեղեկություններով՝ ռեկորդակիր այս տիկնոջ դեմ արդեն իսկ մի քանի դիմում կա կարգապահական վարույթ հարուցելու պահանջով։

ԲԴԽ նախագահ պարոն Գագիկ Ջահանգիրյանը և նրա գործընկերները պետք է այժմ ապացուցեն, որ կարգազանց, իրավազանց, Հայաստանի քաղաքացու շահը ոտնահարող ու Հայաստան պետությանը վնաս պատճառող դատավորներին իրենց աթոռներից ու թիկնոցների տակից հանելը լոկ խոսքեր չեն։

Առաջիկա օրերին Արդարադատության նախարարություն գնացող մյուս գործը լինելու է նույն դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանի դեմ, ով կայացրել է Սաթիկ Սեյրանյանին պատասխանատվությունից ազատող որոշում՝ խախտելով իմ արդար դատաքննություն ունենալու իրավունքը և ունենալով Սաթիկ Սեյրանյանի համար նման հովանավորչություն մատուցելու դեմ մեր տարած բացարկի հիմնավոր միջնորդությունը։ Որքան էլ տիկինը հուլիսի 23-ին որոշում է կայացրել, արդեն մեկ ամիս է՝ այն դեռևս մեզ չի տրամադրել փոստով։ Կսպասենք, թե դատարանը երբ է բարեհաճելու Զեյթունից Մասիվ ուղարկել այն։

Ընդհանուր առմամբ 10 դատական գործեր ունեմ՝ 3-ը իմ դեմ, 7-ը իմ կողմից։ Գրեթե բոլոր գործերը մակագրվել են նախկին իշխանությունների հետ թելերով կապված դատավորների։ Բոլոր գործերը օգտագործելու եմ դատավորների բարեվարքությունը և նրանց անաչառությունը ստուգելու համար, և մի փոքր կասկածի դեպքում գործը ուղարկվելու է ԲԴԽ։ Եթե նախկիններին թվում է, թե դրանով ձիով քայլ են արել, սխալվում են՝ շրջվելու է իրենց դեմ՝ հատ հատ, լակմուսի թղթով բացահայտված, խայտառակված ու պախարակված դուրս են հանվելու համակարգից ու Հայաստանի դատարանը մաքրվելու է նման դատավորներից, նախկիննեն էլ զրկվելու են բոլոր տեսակի մանրումեծ բաստիոններից։
Ոչ մի միլիմետր ետնահանջ չի լինելու։ Ոչ մի գրամ խղճահարություն՝ կլինեն իգական, թե արական սեռի, թոշակի գնացող, թե երիտասարդ։ Մշտադիտարկման տակ են լինելու բոլորը։

Այսուհետ բոլոր դատական նիստերը տեսաձայնագրվելու են։ Մինչև խոր ծերություն պայքարելու եմ, որ նրանք իրենց պատիժը կրեն՝ անարդար, հովանավորչական որոշումներ կայացնելու համար։ Ոչ մի պահի խղճահարության զգացում կամ ինդուլգենցիայի ցանկություն չի առաջանալու՝ պայքարի որ տարին կամ ամսին էլ լինի։
Սեպտեմբերից 24 ժամյա ռեժիմով ՄԱՀՀԻ-ում գործարկվելու է դատաիրավական համակարգի մշտադիտարկման ու վեթինգի ծրագիրը։ Անակնկալների մասին այս պահին չեմ ասի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ