«Պետք է հստակ լինի՝ լրագրողը իր գործունեությա՞մբ է զբաղվում, թե՞ քաղաքական որոշակի շրջանակի կամ ֆրակցիայի ներկայացուցիչ է…». Փաշինյանը՝ Թագուհի Թովմասյանին

«Հակամարտության ողջ ընթացքում հազարավոր գլուխ անասուններ են հափշտակվել, հարյուրավոր քրգործեր են հարուցվել, որոնց մի մասը չի բացահայտվել, հազարավոր տներ, ենթակառուցվածքներ են վնասվել: Երբ մենք խոսում ենք տարածաշրջանում խաղաղ դարաշրջան բացելու մասին, խոսում ենք ձեր առաջ քաշած օրակարգը սպասարկելու մասին»,- ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը պատգամավորին խորհուրդ տվեց այցելել Տավուշի մարզի Այգեպար գյուղ՝ իմանալու համար, թե ինչպես են իրենք վերականգնում մարդկանց գույքային վնասները. «Այն 30 տարի անընդհատ գտնվել է գնդակոծությունների ներքո, և այսօր այդ գյուղը կտեսնեք բոլորովին այլ վիճակում»:

Պատգամավորն անդրադարձավ նաև լրագրողների գործունեության սահմանափակմանը Ազգային ժողովում, ինչին վարչապետը արձագանքեց. «Կառավարությունը պարտավոր է աննախադեպ իրավիճակներին անդրադառնալ աննախադեպ քայլերով: ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու լրատվամիջոցների իրական շահառուների մասին, որպեսզի հստակ բաժանարար գծեր լինեն և հստակ լինի՝ որևէ լրագրող լրագրողական գործունեությա՞մբ է զբաղվում, թե՞ քաղաքական որոշակի շրջանակի կամ ֆրակցիայի ներկայացուցիչ է: Ես թույլ չեմ տալու, որ ժողովրդավարությունը դառնա ամենաթողության համար որպես պատշաճ հարթակ»:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ