Վարչապետ Փաշինյանն ընդունել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Վեհափառ Տեր, Ամենայն Հայոց Կաթողիկոս,
Վեհափառ Տեր, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,

Ուրախ եմ շատ Ձեզ տեսնելու և հանդիպելու համար: Իհարկե, մենք նախկինում հանդիպել ենք, և ես ջերմությամբ եմ հիշում Անթիլիաս կատարած իմ այցելությունը՝ Ձեր գործունեության հոբելյանի առիթով: Վեհափառ Հայրապետի հետ մեր հանդիպումները պարբերաբար են:

Դրանց մի մասը լուսաբանվում են, մյուս մասը չի լուսաբանվում, և ես շատ կարևոր եմ համարում այս շփումը, այս խոսակցությունը: Եթե անկեղծ ասեմ, նույնիսկ մտածում եմ, որ խոսակցությունը դեռ չի էլ սկսվել, որովհետև սա մի շրջան էր, երբ մենք առավել թերևս զգուշավոր ենք մոտենում հարցերին, և դա բնական է:

Բայց ես կարծում եմ, որ այս ընթացքում մի բանում հաջողել ենք՝ կարողացել ենք խոսակցության իսկապես անկեղծ և բաց մթնոլորտ ունենալ: Հատկապես այս խոսակցությունը կարևոր է մեր երկրի ապագայի վերաբերյալ, մեր ժողովրդի ապագայի վերաբերյալ, որովհետև կարծում եմ, որ մեր համազգային օրակարգի քննարկման շատ կարևոր առաքելություն ունենք և մեր համազգային օրակարգի ձևավորման շատ կարևոր առաքելություն ունենք:

Մենք գիտենք մի բան. և՛ մենք, և՛ մեր ժողովուրդը, և՛ մեր եկեղեցին, և՛ մեր հոգևոր դասը մի բանում համաձայն ենք, որ մենք չենք պարտվելու և պիտի հաղթենք այն մարտահրավերին հանդիման, որը մեր պետության, մեր ժողովրդի առաջ է, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության, Սփյուռքի:

Համոզված եմ, որ այսպիսի շփումը, եկեղեցու հետ մեր հարաբերությունները և շփումը, քննարկումներն այս հարցում ունեն կարևոր և վճռական նշանակություն: Շատ ուրախ եմ այսօրվա առիթի համար և շնորհակալ եմ այցելության համար»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ