Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստ:
Բացելով նիստը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը մեր կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն, և մենք այստեղ պետք է կարողանանք շատ լուրջ փոփոխությունների և արդյունքների հասնել: Սրա համար անհրաժեշտ է, իհարկե, իրականացնել և’ կառուցվածքային փոփոխություններ, և’ գտնել հնարավորություններ, որպեսզի ոլորտի ֆինանսավորումն էական մեծանա:
Ըստ էության` ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար մեզ պետք է իրականացնել հետևյալը. անհրաժեշտ է ունենալ մեր գիտական պոտենցիալի, մասնավոր ներդրումների և պետական կառավարման համակարգի շատ հստակ աշխատող մեխանիզմ, և առաջիկայում այս հարցը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում:
Իհարկե, մենք այս համատեքստում ենք դիտարկում նաև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ստեղծումը, որը կարևոր, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի մենք կարողանանք ոլորտում լուրջ փոփոխությունների հասնել:
Այստեղ շատ կարևոր է մեր գիտական ներուժի հետ համագործակցության հարցը և նաև Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի վերլուծական աշխատանքը մեր Զինված ուժերի կարիքների համար, որովհետև շատ կարևոր է, որ նույնիսկ այն միջոցները` դրանք շատ են, թե քիչ են, իհարկե, կարևոր է, որ շատ լինեն, բայց շատ լինելու պարագայում նաև պետք է թիրախները ճիշտ որոշվեն, պետք է ճիշտ որոշվի, թե մենք ինչ կարգի մշակումների, հետազոտությունների, արտադրանքի, սպառազինության և տեխնիկայի կարիք ունենք, և դրանց որ մասի մշակումը, արտադրությունը և արդիականացումը կարող ենք իրականացնել Հայաստանի Հանրապետությունում:
Ընդհանուր առմամբ, իհարկե, այսօր մենք որոշակի կարողություններ ունենք Հայաստանի Հանրապետությունում, բայց այդ կարողությունների ծավալը, թողունակությունը և իրական արտադրանքի ծավալը չի կարող գոհացուցիչ և բավարար թվալ: Ընդհանրապես, կարծում եմ, որ նաև այս ոլորտում, մյուս ոլորտներում նույնպես խնդիրները քննարկելիս մենք պետք է քննարկենք ոչ թե բարդությունները, թե ինչքան բարդ է այս կամ այն խնդիրը լուծելը, այլ պետք է ձևակերպենք մեր նպատակները, և մեր բոլոր գործողությունները պետք է բխեն այդ նպատակներին հասնելու առաջնահերթությունից:
Այն աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական միջավայրը, որ այսօր կա մեր տարածաշրջանում, մեզ թույլ չի տալիս «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել, որովհետև «յոլա գնալու» տրամաբանությամբ մենք ընդամենը սպառում ենք այս ռեսուրսները, որոնք ունենք: