Էրդողանը տենդի մեջ է. Հայաստանը պետք է լինի աչալուրջ

Թուրքիայի նախագահ Էրդողանը փողի տենդագին փնտրտուքի մեջ է: Էրդողանն օրերս ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցչին, որի հետ քննարկել է Թուրքիայում արաբական ներդրումների հեռանկարներ: Թուրքիան նաև ֆինանսական պայմանավորվածություններ է ձեռք բերել Հարավային Կորեայի հետ: Էրդողանին փող է պետք, շատ փող, քանի որ նրա աշխարհաքաղաքական հավակնություններն ու ֆինանսատնտեսական հնարավորությունները սկսում են դառնալ ավելի ու ավելի անհամաչափ: Բարդ է ասել, թե այդ հարցում ինչ դեր ունեցան անտառային հրդեհներն ու ջրհեղեղները, որոնք Թուրքիային պատճառել են տասնյակ միլիարդ դոլարների վնաս, բայց Թուրքիայի աշխարհաքաղաքական արագընթացությունը կասկածի տակ է, քանի որ «բենզինը վերջանում» է:

Հավանաբար դրանով էր պայմանավորված և այն, որ Էրդողանը բավականին ակտիվ կերպով ձեռքը մեկնելով Աֆղանստանին, այդուհանդերձ կարծես թե զգալիորեն հետ է քաշել այն, չունենալով պահանջվող դիմակայության համար անհրաժեշտ տնտեսական հենք: Ի վերջո, աշխարհաքաղաքականությունն այսօր արժե միլիարդներ, առանց որոնց հնարավոր է շատ արագ հայտնվել գետնից կտրված վիճակում: Կգտնի՞ Էրդողանը նոր միլիարդները, այն էլ բավարար չափով, թե՞ ոչ: Եվ ի՞նչ պայմաններով կգտնի այն: Օրինակ, անկասկած է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք նույնպես աճող քաղաքական հավակնությամբ երկիր են՝ իհարկե ոչ թուրքական կամ էրդողաննյան մասշտաբներով հավակնությունների, բայց ռեգիոնալ խաղում էական դերակատարման ակնկալիքով երկիր, անկասկած Թուրքիայում ներդրումների հարցում ունենալու են իրենց քաղաքական պայմանները:

Կասկած չկա նաև, որ քաղաքական էական հավակնություններից զուրկ Հարավային Կորեայի հետ տնտեսական գործակցության հարցերում կարող է էական դեր ունենալ այն հանգամանքը, որ Հարավային Կորեայի անվտանգությունն ամբողջապես ամերիկյան ձեռքում է, հետևաբար դա կարող է շոշափելի նշանակություն ունենալ թուրք-կորեական թեկուզ զուտ տնտեսական հարաբերության հարցում: Էրդողանին կարող է ձեռք մեկնել Չինաստանը, սակայն Թուրքիայի «սուլթանը» թերևս լավ է պատկերացնում, որ Չինաստանի մեկնած ձեռքը լինելու է ճակատագրական և շատ կոշտ պայմաններով, ու այն ոչ թե օգնելու է շարունակել թուրքական աշխարհաքաղաքական հավակնության ընթացքը, այլ հակառակը՝ թերևս դնելու է դրա վերջն ու այն սահուն կերպով վերածելու է չինական աշխարհաքաղաքական նկրտումների գործընթաց: Կօգնի՞ «եղբայր Պուտինը»: Նա էլ իհարկե պակաս կարիքի մեջ չէ, և մյուս կողմից՝ Պուտինը կօգնի, բայց դարձյալ թերևս բավականին կոշտ պայմաններով: Այն դեպքում, երբ թուրքական հավակնությունների իրացումն անխուսափելի է դարձնում ռուսական շահերի տիրույթի ուղղությամբ ընթացքը:

Բնականաբար, Պուտինը կօգնի, եթե Էրդողանը կներկայացնի այդ ընթացքը հստակ և հաստատուն բացառելու երաշխիքներ: Իսկ այդ դեպքում, էլ ու՞ր պետք է շարժվի «սուլթանը»: Էրդողանի վիճակն իհարկե ամենևին ապոկալիպտիկ չէ, գոնե առայժմ, սակայն մարտահրավերները նրա համար թափ են հավաքում, ընդ որում գուցե արդեն ոչ պակաս արագությամբ, որքան թափ էր հավաքել նա ինքը՝ իսլամական աշխարհի առաջնորդության իր մղումներով: Այդ ամենն անշուշտ Հայաստանի համար առաջացնում է աչալրջության անհրաժեշտություն, մասնավորապես, տվյալ պարագայում կապված այն հանգամանքի հետ, որ Էրդողանի և Էմիրությունների տնտեսական քննարկումները չազդեն Հայաստան-ԱՄԷ հարաբերության վրա: Հայաստանն այդ իմաստով պետք է օգտագործի իր ձեռքի տակ եղած ամբողջ ռեսուրսը, Էմիրությունների և ընդհանրապես արաբական աշխարհի հետ իր հերթին հարաբերությունն առավելագույնս խորացնելու համար, ընդ որում ոչ թե Թուրքիային հակազդելու, այլ պարզապես փոխշահավետ օրակարգի շնորհիվ իր համար կարևոր տնտեսա-քաղաքական էֆեկտ ստանալու նկատառումով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ