Սյունիքում 19-ամյա 3 զինծառայողների սպանության մեջ կասկածվող ծառայակցին մեղադրանք դեռ չի առաջադրվել

ՔԿ-ն երեկ գիշերը Սյունիքի Կոռնիձորի հատվածում տեղակայված զորամասի դիրքում սպանված հայտնաբերված 19-ամյա 3 զինվորների սպանության գործով ձերբակալված ծառայակցին դեռ մեղադրանք չի առաջադրել։ Մեղադրանք կառաջադրվի 72 ժամվա ընթացքում։

Այս մասին Civic.am-ին ասացին ՔԿ լրատվականից։ Ըստ այդմ՝ քննչական խումբ է մեկնել Սյունիք, որն այժմ զբաղվում է տեղանքի զննությամբ։

Նշենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացրած, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նույն օրը՝ ժամը 17:40-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերը նշված զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Հ.-ն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ