Հայաստանի ԳՇ կազմում կստեղծվի անօդաչու թռչող սարքերի վարչություն

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմում կստեղծվի Անօդաչու թռչող սարքերի վարչություն: Այս մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է օգոստոսի 19-ին գրավոր քվեարկության արդյունքում։

Հրապարակված նախագծի համաձայն՝ Անօդաչու թռչող սարքերի վարչությունը կստեղծվի ԶՈւ Ավիացիայի վարչության բաժանման արդյունքում:

«Ռազմական տեխնիկայի ներկա զարգացման, ինչպես նաև 2020 թվականի ռազմական գործողությունների վարման ընթացքն ակնհայտ ցույց տվեց, որ անհրաժեշտություն է առաջացել առավել մեծ ուշադրություն դարձնել անօդաչու թռչող սարքերի համակարգերի զարգացման ու դրանց կառավարման գործընթացին»,– ասված է ՊՆ–ի ներկայացրած որոշման նախագծում։

Կառավարության գրավոր քվեարկությամբ հաստատվել է նաև ՊՆ–ի առաջարկած մեկ այլ որոշում, որի համաձայն ՀՀ զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ ԶՈՒ դիվիզիաները կկազմալուծվեն, իսկ դիվիզաների հրամանատարների պաշտոնները կկրճատվեն։

«Քանի որ դիվիզիայի հրամանատարի պաշտոնը սահմանված է որպես զինվորական ծառայության հիմնական պաշտոն, անհրաժեշտություն է առաջացել այդ պաշտոնի փոխարեն որպես հիմնական պաշտոն նախատեսել նույն խմբի հավասարեցված պաշտոն հանդիսացող՝ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնը»,– ասված է որոշման մեջ։

ՀՀ ԶՈւ դիվիզիաների կազմալուծման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև 2021 թ.–ի դեկտեմբերի 31-ը։

Նշենք, որ այս որոշումներն օգոստոսի 19-ին հաստատված միակ նախագծերը չեն։ Դրանցից բացի, կառավարությունը հաստատել է ՊՆ–ի ներկայացրած ևս երկու գաղտնի նախագիծ, որոնք չեն հրապարակվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ