Ժողովուրդը թույլ չի տա, որ ընդդիմությունը «վերցնի» Գյումրին. քաղաքում նախընտրական եռուզեռ չկա, թեկնածուների անունները հայտնի չեն

 

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը օգոստոսի 17-ին ստորագրել է որոշում՝ հոկտեմբերի 17-ին՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին։

Գյումրի համայնքի ավագանու հերթական ընտրությունը արդեն 2-րդ անգամ անցկացվելու են համամասնական ընտրակարգով։ Կուսակցություններն ավագանու թեկնածուների ցուցակները ընտրատարածքային հանձնաժողով կներկայացնեն սեպտեմբերին:

Այս պահի դրությամբ, սակայն, քաղաքական որևէ ուժ դեռ հրապարակավ չի հայտարարել, թե ում է առաջադրելու Գյումրիի քաղաքապետի պաշտոնում։ Բոլոր թեկանածուների անունները շրջանառվում են միայն մամուլի հրապարակումներում։

«Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արտյոմ Թումանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս հաստատեց, որ նախընտրական եռուզեռ դեռևս Գյումրիում չկա. «Բայց կարող եմ ասել, որ շրջանառվող անունների 70 տոկոսը կապ չունի իրականության հետ։ Նրանց մեծ մասն առհասարակ հավակնություններ չունի մասնակցելու ընտրություններին, պարզապես իրենց անուններն են շրջանառում։ Հստակ է, որ որևէ պաշտոնական բան չկա, հայտնի չէ որևէ քաղաքական ուժի թեկնածուի անուն»,-ասաց Թումանյանը՝ հավելելով, որ ընդդիմադիր դաշտը հիմա սպասում է, թե իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ում կառաջադրի քաղաքապետի թեկնածու։ Հետո նոր ընդդիմությունը կորոշի ում առաջադրել իշխանական թեկնածուի դեմ պայքարելու համար:

Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն իշխանական կուսակցությունը մտադրություն ունի Գյումրիում առաջադրել պատգամավորներ Կարեն Սարուխանյանին կամ Նազելի Բաղդասարյանին։ Վերջինիս թեկնածությունը, սակայն, ցուցակից դուրս է եկել, քանի որ նա նշանակվեց ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար։ Կարեն Սարուխանյանն էլ դեռ մտորումների մեջ է։ Վերջինս իր ընկերական շրջանակում հայտարարել է, որ մարզպետ է եղել և մարզպետից հետո հո չի գնալու քաղաքապետ դառնա։ Այնպես որ իշխանությունը ևս թեկնածուի փնտրտուքի մեջ է։

Խորհրդարանական ուժերից «Պատիվ ունեմ»-ը մտադիր է առաջադրել Մարտուն Գրիգորյանին, բայց նրա առաջադրումն էլ հստակ չէ։

Արտյոմ Թումանյանը պատրաստ է առաջադրվել քաղաքապետի թեկնածու, եթե իհարկե Քաղաքացիական պայմանագիրը իրեն առաջադրի.«Ես ոչինչ ասել չեմ կարող։ Որոշում կայացնողը գերագույնն է»,-ասաց Թումանյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ընդդիմությունը վճռական է լինելու Գյումրիի ընտրությունների հարցում, որովհետև Շիրակի մարզը, Գյումրի քաղաքը երկրորդ քաղաքն է և «Գյումրին վերցնելու դեպքում» իրենք կարող են կոտրել ամբողջ հանրապետության մեջքը. «Իրենք՝ ընդդիմություն կոչվածը ընտրություններից առաջ, երբ ուզում էին հեղաշրջում անել, հենց Գյումրիից էլ սկսել էին։ Պատահական չէ, որ հենց Շիրակի մարզից այդ 62 գերեվարման դեպքը եղավ։ Դրանով իրենք ուզում էին շիրակցիներին հանել ոտքի։ Իսկ շիրակցիներին ոտքի հանելը հավասարազոր էր հանրապետությունում հեղաշրջում անելուն։ Բայց շիրակցին, գյումրեցին թասիբով գտնվեց, ըմբռնումով մոտեցավ ամեն ինչին և մինչ օրս էլ ըմբռնումով է մոտենում։ Մարդիկ հասկանում են, որ էդ ամենը քաղաքական խաղեր են, իսկ իրենք չեն ցանկանում այդ խաղերի մեջ մտնել։ Ժողովուրդը թույլ չի տա, որ ընդդիմությունը ամրացնի իր դիրքերը ինչպես Գյումրիում,այնպես էլ մնացած համայնքներում, որտեղ ընտրություններ են սպասվում։ Բոլորը պայքարելու են նրա համար, որ երկիրը վերջապես դրվի ռելսերի վրա։ Սա է մեր պայքարի նպատակը»,-ասաց Թումանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ