Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու կառավարության քայլը ողջունելի է. Համակարգային փոփոխությունները կբերեն անվտանգային նոր իրավիճակի

Առաջիկա հինգ տարիներին Հայաստանում ստեղծվելու է Արտաքին հետախուզական ծառայություն։
Երեկ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության 2021-2026թթ. ծրագիրը։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ողջունում է կառավարության այս քայլը։

Նրա խոսքով՝ կառավարությունը նույնիսկ ուշացել է այս փոփոխության հարցում։ Նա նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությունն այլ գործառույթներ պետք է ունենա, իսկ արտաքին հետախուզությունը կապված է Հայաստանի արտաքին անվտանգության հետ։

«Ես կարծում եմ, որ արտաքին հետախուզությունը պետք է առանձին մարմին լինի ու անմիջականորեն ենթարկվի պետության գլխին՝ լինի դա վարչապետը, թե նախագահը։ Ես ողջունում եմ իշխանության այս քայլը, և շատ լավ է, որ արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը իրականություն է դառնալու»,-ասաց քաղաքագետը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ԱԱԾ-ն առ այսօր գործում է Խորհրդային Միության մոդելով, ինչը բավականին հնացած է և չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին։ «Համակարգային խնդիր կա, և դա չի վերաբերում միայն արտաքին հետախուզությանը. «Արտաքին հետախուզությունը ԱԱԾ-ից դուրս հանելով՝ Ազգային անվտանգության ծառայության համակարգն ավելի ուղղորդված կլինի այնպիսի խնդիրների լուծմանը, որոնք անհրաժեշտ են ներկա ժամանակահատվածում ազգային անվտանգությունն ապահովելու համար։

Այսինքն՝ Արտաքին հետախուզական ծառայությունն առանձնացնելով, մի կողմից, կբավարարվի դրա արդյունավետությունը, մյուս կողմից էլ՝ հնարավորություն կտա ավելի բարելավել հենց Ազգային անվտանգության ծառայության աշխատանքը»,- ասաց Ղևոնդյանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության համակարգը վերջին 30 տարիների ընթացքում լուրջ խնդիրներ ուներ, այդ խնդիրներն ակնհայտորեն երևացին ճգնաժամային իրավիճակներում՝ հեղափոխության, պատերազմի ժամանակ, և համակարգային փոփոխությունների իրականացումն անհրաժեշտություն էր։ «Համակարգային փոփոխություններն ինքնին պետք է բերեն անվտանգային նոր իրավիճակի, ինչը հավանաբար հնարավորություն կտա խոսելու Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացման մասին»,- եզրափակեց քաղաքագետը։

Նշենք, որ բացի Արտաքին հետախուզական ծառայությունից, կառավարության ծրագրով նախատեսվում է ներկայումս ԱԱԾ կազմում գտնվող Պետական պահպանության ծառայությունը դարձնել վարչապետին ենթակա մարմին, ընդլայնել սահմանապահ զորքերը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը այս փոփոխությունները՝ ներառյալ Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելը, համարում է հատվածական մոտեցում։
«Խոսքը պետք է վերաբերի անվտանգային մարմինների հայեցակարգին, թե ինչպիսին պետք է լինեն այդ մարմինները Հայաստանում՝ որպես ժողովրդավարական երկիր։

Պարզ է, որ ԱԱԾ մի հատվածն առանձնացնելն ու Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելը խնդիր չի լուծում։
Առաջարկվող փոփոխություններով չի լուծվում ԱԱԾ-ի նկատմամբ պառլամենտական վերահսկողության հարցը։

Ենթադրենք, Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծվեց, ո՞վ է վերահսկելու։ Միայն վարչապե՞տը։ Միայն նախագա՞հը։ Լինելո՞ւ է պառլամենտական վերահսկողություն, թե՞ ոչ։ Պետք է արդյունավետ պառլամենտական վերահսկողություն լինի հնարավոր չարաշահումները կանխելու, օրենսդրական փոփոխությունները պատշաճ կատարելու համար։ Անվտանգային մարմինները իրենց առանձնահատկությունից ելնելով պետք է նաև հանրային հաշվետվողականություն ունենան, որը հենց իմ նշած պառլամենտական վերահսկողությունն է, և որը այս դեպքում չկա։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ես չեմ տեսնում կառավարության ծրագրում։
Հետևաբար ես սա համարում եմ հատվածական մոտեցում»,- ասաց իրավապաշտպանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ