Էրդողանը հրաժարվել է փախստականներ ընդունել Աֆղանստանից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է փախստականներ ընդունել Աֆղանստանից և Եվրամիությանը կոչ է արել պատասխանատվություն ստանձնել տարածաշրջանի միգրացիոն ճգնաժամի համար: Տեղեկությունը հայտնում է Reuters–ը։

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ իր երկիրը աֆղանցի միգրանտների պահոց չի դարձնի Եվրոպայի համար: Էրդողանի խոսքով ՝ Անկարան Թեհրանի հետ համատեղ բավականաչափ միջոցներ է ձեռնարկել փախստականներին զսպելու համար, և այժմ պատասխան գործողություններ պետք է ձեռնարկեն եվրոպացիները:

Թուրքիայի նախագահը նաև խոստովանել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել «Թալիբան» ահաբեկչական շարժման անդամների հետ, որպեսզի միասին լուծեն առկա խնդիրները:

Ավելի վաղ ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը հայտարարել էր, որ ԵՄ-ի երկրներն իսկապես պետք է թույլ տան, որ Աֆղանստանից ավելի շատ փախստականներ գան: Նա կոչ էր արել միավորմանը չեղարկել այդ երկրի անօրինական միգրանտների հարկադիր հայրենադարձությունը և ավելացնել նրանց ընդունելության քվոտաները: Եվրահանձնակատարը նաև հայտարարել էր, որ այժմ պետք է օգնել նրանց, ովքեր միջազգային պաշտպանության կարիք ունեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ