Հունվարի 1-ից կներդրվի ծնելիությունն ու բազմազավակությունը խթանող նոր ծրագիրը

Կառավարությունը նախատեսում է 2022թ․ հունվարի 1-ից ներդնել ծնելիությունն ու բազմազավակությունը խթանող հաջորդ ծրագիրը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյան: Նա մասնավորապես գրել է.

«Ծրագրի շահառու դառնալու հիմնական պայմանն է լինելու 2022 թվականի հունվարի 1-ից հետո ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխայի ծնունդը։ 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծնվելուց հետո կառավարությունը ամսական կտրվածքով կհատկացնի 50․000 դրամ՝ մինչև երեխայի 6 տարեկանը։

Մասնավորապես, եթե առնվազն 2 երեխա ունեցող ընտանիքում 2022թ-ից հետո կծնվի մեկից ավել երեխա, ապա շահառու ընտանիքն ամսական կստանա 50.000-ական դրամ՝ ամեն նոր ծնված երեխայի համար։

Ուրախությամբ պետք է արձանագրել նաև, որ կառավարության՝ ծնելիությունը խթանող ծրագրերը դրականորեն են ազդում ծնելիության ցուցանիշի վրա։ 2014 թվականից ի վեր ծնելիության պարբերաբար անկում գրանցող ցուցանիշն առաջին անգամ աճ գրանցեց 2020 թվականին, իսկ 2021թ-ի 1-ին կիսամյակի ծնունդների բացարձակ թիվն աճեց 1.413-ով կամ շուրջ 9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Վերջին ժամանակաշրջանի գրանցած աճի տեմպերի պահպանումը, ըստ էության, կարող է շոշափելի ազդեցություն թողնել Հայաստանի դեմոգրաֆիկական պատկերի վրա»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ