Կալիֆորնիայի նահանգային Կոնգրես է ներկայացվել օրինագիծ, որով Կալիֆորնիան և Սյունիքը դառնում են քույր նահանգներ

Կալիֆորնիայի նահանգային Կոնգրես է ներկայացվել օրինագիծ, որով Կալիֆորնիան և Սյունիքը դառնում են քույր նահանգներ:

Անկասկած, շատ ողջունելի և ոգևորող նախաձեռնություն է: Կալիֆորնիան ԱՄՆ մեծ և հարուստ նահանգներից մեկն է, որի հետ գործակցությունը Սյունիքի համար կարող է ունենալ շատ կարևոր նշանակություն մի շարք առումներով, ինչն էլ իր հերթին կարող է ունենալ նաև էֆեկտ քաղաքական զարգացումների համար:

Միայն պետք չէ գերագնահատել նախաձեռնության դերը անմիջական քաղաքականության իմաստով, չմոռանալով, օրինակ, որ ԱՄՆ մոտ տասնյակ նահանգ՝ այդ թվում Կալիֆորնիան, ճանաչել էին Արցախի անկախությունը, ինչը սակայն չխանգարեց Թուրքիային ու Բաքվին սկսել պատերազմ Արցախի դեմ և օկուպացնել տարածքներ: Ըստ այդմ, գերագնահատել Կալիֆորնիայում նախաձեռնության դերը՝ Սյունիքի հետ քույր նահանգներ դառնալու իմաստով, թերևս չարժե: Ավելին, պետք է նախաձեռնությունը գնահատել շատ պրակտիկ, իրատեսական հարթության վրա և փորձել դրանից ստանալ առավելագույն սոցիալ-տնտեսական էֆեկտ Սյունիքի և սյունեցիների համար: Դա արդեն իսկ կլինի շատ մեծ բան:

Վերադառնալով Արցախի անկախությունը ճանաչած նահանգների հանգամանքին: Այդ ճանաչումից հետո ի՞նչ տրամաբանությամբ են զարգացել Արցախի ու այդ Նահանգների հարաբերությունը, Արցախի ու այդ նահանգների իշխանությունների միջև շփումները, ինչպե՞ս է կապիտալիզացվել անկախության ճանաչումը երկկողմ հարաբերության իմաստով: Սրանք հարցեր են, որոնք ինքնին հետաքրքիր են Արցախի սոցիալ-տնտեսական հարթության մեջ, նաև քաղաքական երանգներով, և որոնք կարող են արդիական լինել նաև այժմ: Եվ միաժամանակ այդ հարցերը պետք է արդեն «ավանսով» դրվեն կալիֆորնիական նախաձեռնությանն ընդառաջ, որպեսզի գերքաղաքական սպասումների փոխարեն, ծավալվի Կալիֆորնիա-Սյունիք իրատեսական ու պրակտիկ գործակցություն տարբեր նախագծերի առումով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ