ՊՆ-ն Սյունիքում 3 ժամկետայինների հայտնաբերված դիերի վերաբերյալ նոր հաղորդագրություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են․

«Օգոստոսի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։

Համոզիչ կերպով խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը և չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել ևս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ։ Նման տեղեկությունների տարածումը ձեռնտու է բացառապես հակառակորդին։

Ընթանում է քննություն, որը լիարժեք կպարզի դեպքի բոլոր հանգամանքները և հանրությանը պատշաճ կերպով կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»։

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Մամուլում շրջանառվող` դիվերսիայի մասին լուրերին ի պատասխան ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու նպատակով այս պահին ամբողջ ծավալով անհրաժեշտ գործողություններ են ընթանում:

«Այդուհանդերձ, գոնե այս պահին եղած նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի հետ։ Նոր տեղեկատվություն ունենալուն պես պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրություններով»,- ասված է «Արմենպրես»-ին տրամադրված պատասխանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ