«Նիկոլ Փաշինյանի համառության պատճառով ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնն այս տարի թափուր կմնա»․ Կոմերսանտ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում որևէ մեկը կարող է չնշանակվել այս տարվա ընթացքում այն պատճառով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի զիջում դիրքերը, և չնայած մյուս պետությունների ղեկավարները համաձայնել են այդ պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակմանը, սակայն Հայաստանի ղեկավարը չի տալիս իր համաձայնությունը։ Այս մասին այսօր, իր աղբյուրներին հղումով անելով, գրել է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը։

ՀԱՊԿ-ում արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ կազմակերպությունը լիարժեք գլխավոր քարտուղար չի ունենա մինչև հաջորդ տարվա հունվար։

Իսկ մինչ այդ քարտուղարի պաշտոնակատարի պարտականությունները կկատարի քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ով էլ պաշտոնակատարի զգալի փորձ է կուտակել այս ընթացքում։ Այս մասին ռուսական լրատվամիջոցին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում նրա աղբյուրները։

Իսկ ՀԱՊԿ-ի աղբյուրները հայտնել են, որ կազմակերպությունում, չնայած գլխավոր քարտուղարի պաշտոնի թափուր լինելուն, աշխատանքները տարվում են պատշաճ մակարդակով։ Պատճառը, թերևս, հենց Սեմերիկովի գործոնն է․ ռուս գեներալը պաշտոնակատարի կարգավիճակով քարտուղարի պարտականությունները կատարել է և՛ Յուրի Խաչատուրովի նշանակումից առաջ, և՛ Հայաստանը ներկայացնող պաշտոնյայի հեռացումից հետո։

Հիշեցնենք, որ քարտուղարի պաշտոնին որևէ մեկին նշանակելու խնդիրը ծագել է հենց Խաչատուրովի հեռացումից հետո։

ՀԱՊԿ ղեկավարության որոշումներից մեկով 2017-ից սկսած կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով երեքական տարի պետք է զբաղեցնեին անդամ պետությունների ներկայացուցիչները։

Նույն թվականին նոր կարգով առաջիննը այդ պաշտոնին նշանակվեց Հայաստանից ներկայացված Յուրի Խաչատուրովը։ 2018-ին Հայաստանում նրա դեմ հարուցված քրեական գործից հետո Հայաստանը հետ կանչեց նրան։

Ստեղծվեց կազուս․ մի կողմից ամեն պետություն ուներ իր մեկ թեկնածուի այդ պաշտոնում առաջադրելու և նշանակելու լիազորություն, մյուս կողմից այդ թեկնածուի հեռացումից հետո դեռ չի ավարտվել Հայաստանին «ընձեռված» 3 տարի ժամանակը, որի ընթացքում պետք է պաշտոնավարի հայկական կողմի առաջադրած թեկնածուն։

Այս պայմաններում թեկնածու առաջադրեցին Հայաստանն ու հաջորդ քարտուղարի պաշտոնին հավակնող Բելառուսը։ ՀԱՊԿ անդամ 6 պետություններից 5-ի ղեկավարներն ընդունեցին Բելառուսի թեկնածուին և համաձայնեցին նրա նշանակմանը։ Հայաստանի վարչապետը, սակայն, շարունակում է չընդունել Բելառուսի թեկնածուին, իսկ առանց նրա համաձայնության նշանակում չի կարող կատարվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ