«Առաջիկա 5 տարիների ընթացքում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն…». Փաշինյանը ներկայացնում է Կառավարության ծրագիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 18-ի, Կառավարության հերթական նիստին ներկայացրեց Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը։

Նա ասաց, որ ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից. այդ բաժիններ են՝ անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք եւ արդարադատություն, ինստիտուցիոնալ զարգացում։

Փաշինյանը մեջբերեց ծրագրի նախաբանի տեքստը։

Նա նշեց, որ ՀՀ կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարության վրա.

«2021 թվականի արտահերթ ընտրություններն ի ցույց դրեցին ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը ՀՀ-ում։ Դրանք արդեն երկրորդ անընդմեջ համապետական ընտրություններն էին, որ միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի։ 2021 թվականի արտահերթ ընտրություններն բացառիկ նշանակություն ունեցան նաեւ հանրային համերաշխության, վերականգնման համար։ Դեռեւս 2020 թվականի նոյեմբերի սկիզբ առած հանրային եւ քաղաքական հուզումների մթնոլորտն ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց։ ՀՀ-ին սպառնացող բազմաթիվ արտաքին եւ ներքին մարտահրավերներ մնում են չհաղթահարված։ 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքներն էական փոխել են Հայաստանի արտաքին միջավայրը ոչ միայն սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ, այլեւ առաջ բերելով նորերը։ Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ԼՂ-ի հիմնախնդրի արդարացի լուծումը Հայաստանի շուրջ տարածաշրջանային եւ միջազգային բարենպաստ մթոնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ առաջնային։ Այս խնդրի լուծման համար ժողովրդից քվե ստացած Կառավարությունը մտադիր լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային եւ ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ օրենքի եւ իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը կառավարության առաջնահերթ խնդիրներից է. «Ժողովրդավարության թյուրընկալումը որպես պարարտ հող ամենաթողության եւ անպատժելիության համար լրջագույն սպառնալիքներ է ստեղծում իրավակարգի, հանրային անվտանգության, օրենքի եւ իրավունքի գերակայության համար»։

Վարչապետը նշեց, որ Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը այնուամենայնիվ արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է. «Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված, այլեւ տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից եւ ցանկությունից։ ՀՀ կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքը եւ պատասխանատվությունը»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում սկսվել եւ մեծ ծավալով ընթանում է ԶՈՒ-երի բարեփոխման գործընթացը. «Բարեփոխված ԶՈՒ-երը պետք է լինեն մեր արտաքին անվտանգության ապահովման հիմնական գործոնը»։

Նա ընդգծեց, որ անվտանգության ապահովման հաջորդ կարեւորագույն գործոնն ակտիվ արտաքին քաղաքականությունն է. «Հայաստանը պիտի վարի ակտիվ եւ նախաձեռնողական արտաքին քաղաքականություն՝ աշխատելով բոլոր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ ունենալ աշխատանքային արդյունավետ հարաբերություններ»։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Փաշինյանն ասաց. «Կարեւոր գործոն է հայ-ռուսական ռազմավարական դաշինքն է եւ ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Ընդգծվել է տարածաշրջանային կայուն միջավայրի ձեւավորումը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Սա նորամուծություն է, որովհետեւ մեր արտաքին քաղաքական ուղղությունների մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս մեր տարածաշրջանային արտաքին քաղաքականությանը։ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության դերը ընդգծում ենք Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման գործում։ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձեւաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը էական գործոն է տարածաշրջանային կայունության համար։ Կառավարության ծրագիրը որոշակի դիրքավորում է ձեւակերպել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հուլիսի 29-ի հայտարարության նկատմամբ։ Մեր ծրագիրը ձեւակերպել ենք այնպես, որպեսզի այն մաքսիմալ համարժեք լինի ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կոչերին»։

Նա ասաց, որ անվտանգության ապահովման հաջորդ ուղղությունը ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգի ձեւավորումն է. «Երկար ժամանակ խոսում ենք Ազգային անվտանգության ծառայության եւ ազգային անվտանգության համակարգի բարեփոխումների մասին։ Մեր ծրագիրն այն է, որ առաջիկայում ՀՀ սահմանապահ զորքերն ավելի շատ տեղամասեր կընդունեն ՀՀ ԶՈՒ-երին, այսինքն՝ տարածքները կընդլայնվեն, այս առումով սահմանապահ զորքերը պետք է ընդլայնվեն, վերափոխվեն, բարեփոխվեն։ Սա խաղաղ տարածաշրջանային օրակարգը առաջ մղելու մեր նկատառումն ու նպատակադրումն է արտահայտում։ Սովորաբար սահմանապահները ստանձնում են այն տեղամասերի պատասխանատվությունը, որը համարվում է ոչ պատերազմական, այսինքն՝ խաղաղ գոտի։ Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ