Գառնիկ Իսաղուլյանին սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում

Երեկ ՀՀ ՀՔԾ-ն հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, կատարել է սուտ մատնություն՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործությունների մեջ, ինչպես նաև հնչեցրել է ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և բռնությունը հրապարակայնորեն արդարացրել:

Գառնիկ Իսաղուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Դա սուտ մատնությունն է, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով։ Այս արարքի համար անձը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Գառնիկ Իսաղուլյանին մեղադրանք է առաջադրված նաև ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը, որը կատարվել է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով։ Այս արարքի համար անձը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Այս գործով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ