Մահվան ելքով վրաերթ Երևանում․ Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ ժամեր անց նա հիվանդանոցում մահացել է

Այսօր գիշեր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արշակ Աթոյանը Կոմիտասի 40/2 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդու։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանի գլխավորությամբ և Երևանի 1-03 շտապօգնության մի քանի խմբեր։ Բժիշկները կենաց-մահու պայքար տանելով, վրաերթի ենթարկվածին գիտակցության բերեցին, ապա տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մինչ բժիշկների ժամանումը երիտասարդ մի տղա է վրաերթի ենթարկվածին օգնել, սահմանազատել է տարածքը, որպեսզի կրկնակի վրաերթի չենթարկվի։ Իսկ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։
Դեպքի վայրից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաև Երևանի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Գինոսյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, քանի որ կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենան նույնպես մասնակցություն է ունեցել դեպքին։

Այսօր, ժամը 07։00-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Գ․ Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ