«Սաղդ դարձել եք հայրենասեր, մենք էլ ստեղ Սևա՞ն ենք վաճառում…». Ջրային կոմիտեի նախագահի խիստ արձագանքը՝ ընդդիմությանը

«Պարոն Մինասյան, մանիպուլյացիաներից եք խոսում, բայց իսկական մանիպուլյանտը այստեղ դուք եք, որովհետև ներկայացնում եք այնպիսի թվեր, որոնք իրականության հետ ընդհանրապես կապ չունեն, և ներկայացնում եք այնպիսի գեղեցիկ տեքստեր, որ հաճոյանաք որևէ մեկին. ո՞ւմ եք ուզում հաճոյանալ»,- դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ասաց Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:

Նա ներկայացրեց, իր խոսքով, իրական թվերը. «Եթե նմանատիպ լավ ջրառատ տարի ենք ունեցել, 2017 թվականին ինչո՞ւ են 100 մլն-ով ավելի ջրառ իրականացրել: Ես պատասխանում եմ տիկին Մկրտչյանի հարցին. արդյոք իրականում ուզում էին գումարնե՞ր աշխատել, դրա համա՞ր էին էդ քանակությամբ ջուր վերցնում: Եղել են նկարած թվեր, որպեսզի վերցնեք այդքան ջուր, այսօր իրական թվերն եմ ես ներկայացնում»:

Նա, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ավետիսյանին, նշեց. «Ես իմ անձնական մեքենայով վիրավորների և զոհվածների էի հանում Քարվաճառից, երբ դուք վախենում էիք Քարվաճառով մտնել, որովհետև երկու ճանապարհները ռմբակոծում էին: Էս ի՞նչ հանձնելու մասին եք խոսում, հիմա էլ՝ Սևանի հանձնելու: Սաղդ դարձել եք հայրենասեր, մենք էլ ստեղ Սևա՞ն ենք վաճառում»: Կարեն Սարգսյանը նշեց, թե իր ընտանիքը քանի զոհ է տվել անցած պատերազմների ընթացքում և 44-օրյա պատերազմում:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 17-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու ու լուծումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ