«Կոչ ենք անում միջազգային հանրությանը դիմել գործնական քայլերի…». Ռուստամ Բաքոյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»խմբակցության պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ այսօր թուրքական օդուժը հարվածել է Շանգալի կենտրոնում գտնվող մեքենային, որի հետևանքով զոհվել է ազգությամբ եզդի հրամանատար Սայիդ Խդըր Հասանը:

«Ինչպես տեղեկանում ենք Շանգալի պաշտպանության հրամանատարության տարածած հայտարարությունից, հրամանատար Սայիդ Խդըր Հասանը և նրա քրոջ որդին՝ մարտիկ Իսա Խուդեդան, զոհվել են հարձակման հետևանքով, իսկ երեք խաղաղ բնակիչներ Քասիմ Սիմոն, Շամիր Աբբաս Բերչեսն և Միրզա Ալին, վիրավորվել են:

Եզդի ժողովրդի դեմ ուղղված այսօրինակ հարձակման միջոցով, որն առաջին դեպքը չէ, թուրքական պետությունը փորձում է շարունակել իր ցեղասպանական գործողություններն ու քայլերը:

Այս հարձակումը, ըստ էության, ուղղված էր եզդի ժողովրդի ինքնապաշտպանության և ինքնակառավարման հիմնարար իրավունքի և ազատության դեմ: Մեծ հրամանատար Սայիդի սպանությունն անպատասխան չի մնա:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ անտարբեր չմնալ և դիմել գործնական քայլերի՝  ապահովելու եզդի ժողովրդի անվտանգ կենսագործունեությունը և խաղաղ կյանքը ու կանխարգելելու ժողովրդի անվտանգության դեմ ուղղված գործողությունները՝ բացառելով ապագայում դրանց կրկնությունը»,- Ֆեյսբուքի էջում գրել է պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ