Լոռիում ոստիկանների «կանգ առ» հրահանգին չենթարկվելով՝ կոճղերով բարձված Ford-ը կողաշրջվել է. կա 2 զոհ, դեպքի վայրում հարձակվել են ոստիկանների վրա, վառել են ոստիկանական «06»-ն ու ջարդել УАЗ-ը

Օգոստոսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։00-ի սահմանում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարց-Լորուտ միջգյուղական ավտոճանապարհին՝ անտառային հատվածում, ավտոմեքենա է գլորվել անտառը, գրում է shamshyan.com-ը:

Մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻն ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, նշված վայրից «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 դի։

Ըստ նախնական տեղեկության՝ «Ford Transit» մակնիշի առանց համարանիշի, մեծ փայտանյութով՝ հաստաբուն կոճղերով, բարձված ավտոմեքենան Մարց-Լորուտ միջհամայնքային ճանապարհով անցնելիս է եղել, երբ այդ վայրում ոստիկանական ստուգիչ անցակետում ծառայություն կատարող ոստիկանները կանգնեցրել են առանց համարանիշի այդ «Ford»-ը, քանի որ նկատել են, որ այն անտառից է դուրս գալիս և ունեցել են կասկածներ, որ հնարավոր է՝ ավտոմեքենան բարձված լինի փայտով, սակայն «Ford»-ի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգ առ» պահանջին և էլ ավելի է սկսել արագ վարել ավտոմեքենան, որպեսզի շուտ հեռանա ոստիկանների տեսադաշտից։ Ոստիկանները սկսել են հետապնդել և մի քանի անգամ ոստիկանական Վիլիսի լուսային և ձայնային ազդանշաններով հետապնդել են Ford-ը և բարձրախոսով հրահանգել են, որպեսզի նա ենթարկվի ոստիկանների «կանգ առ» պահանջին։ Մի քանի կիլոմետր անցնելուց հետո Ford-ը կորել է ոստիկանների տեսադաշտից, ու նրանք սկսում են որոնել կասկածելի ավտոմեքենան։ Հասնելով Լորուտի վարչական տարածք՝ նկատում են, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել անտառում՝ բախվելով ծառին։

Դեպքի մասին տեղեկանում են ոստիկանության նրանց գործընկերներն ու Ալավերդու հիվանդանոցի բժիշկներն ու Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատը։ Արդեն տեղում հայտնաբերվում են մահացած տղամարդու 2 մարմին։ Մինչ կժամանեին օպերատիվ խմբերը, մի խումբ անձինք հարձակվում են ոստիկանւթյան աշխատակիցների վրա, քարերով, փայտերով վնասվածքներ պատճառում նրանց, ապա կասկածելով, որ եթե ոստիկանները չհետապնդեին Ford Transit-ը, ապա այն վթարի չէր ենթարկվի, ոստիկանական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան գցում են անտառը՝ այն վերածելով մետաղե ջարդոնի։ Նշված վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա այս անգամ արդեն հարձակման է ենթարկվում դեպքի վայր շտապող ոստիկանության ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան, որտեղ նույնպես ծեծի են ենթարկվում ոստիկանները, ապա քարերով կոտրում են ավտոմեքենան և հրկիզում։ Նշված վայր են ժամանում Ալավերդու հրշեջ-փրկարարները, ովքեր մարում են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվում է մոխրակույտի։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներմ աղբյուրին հայտնել են, որ որ միջադեպի հետևանքով կան նաև վիրավորներ, ովքեր տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ոստիիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության մեծ թվով ոստիկաններ՝ գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում ոչ միայն Ալավերդի քաղաքում, այլև Լորուտ գյուղում, քանի որ կան կասկածներ, որ անօրինական ձևով անտառահատման ու ոստիկանական օրինական պահանջին չենթարկվող, ապա վթարի ենթարկված մահացածների հարազատներն այդ գյուղից են։

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ մարզի քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի և 2 տեղակալների գլխավորությամբ։

Տեղում աշխատել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները։ Ուժեղացված ծառայություն է իրականացրել նաև ճանապարհային ոստիկանությունը:

Ըստ աղբյուրի՝ վթարի ենթարկված Ford Transit մակնիշի ավտոմեքենան բարձված է եղել հսկայական՝ կտրված առողջ ծառերի կոճղերով, որի մի մասը թափված էր դրսում, իսկ ավտոմեքենան էլ կողաշրջված վիճակում հայտնվել էր ծառի վրա։ Վերջին ամիսներին ՀՀ ոստիկանությունը, այդ թվում՝ Լոռու մարզային ոստիկանության վարչության և ստորաբաժանումների ծառայողները հսկայական պայքար են տարել ապօրինի ծառահատումների դեմ, ինչի շնորհիվ մեծ թվով անտառահատներ հրաժարվել են իրենց այդ «գործից», սակայն լինում են դեպքեր, երբ քաղաքացիները անտեսում են անգամ այն հանգամանքը, որ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանները, այդ թվում՝ որոշ հատվածներում տեղադրված ոստիկանական «պոստերում»։

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի մի քանի հոդվածերով՝ ՀՀ քր.օր-ի 316 հոդվածի 1-ին մասի, 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 242 հոդվածի 3-րդ մասի և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, ինքնավթարի հետևանքով մահացածների, վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցների և վիրավորների ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ